Ծառայության մեկնող տղաներին ծնողները Կենտրոնական հավաքակայանից ճանապարհում են արցունքների եւ խորհուրդների տարափի տակ: «Զգույշ կլինես, պինդ կմնաս, ընկերասեր կլինես»,- ասում են ծնողներն ու միանգամից հավելում ընդամենը երկու բառ. «Կարեւորն անփորձանք»:

Այսօր՝ հուլիսի 1-ին, մեկնարկած ամառային զորակոչին Կենտրոնական հավաքակայանում հետեւել է նաեւ NEWS.am-ի նկարահանող խումբը: Հավաքակայանի բակում տղաները սպասում են վիճակահանության իրենց հերթին, իսկ ծնողներին էլ շենքի դարպասների մոտ փորձում են թաքցնել հուզմունքը: Սպասելու ընթացքում նորակոչիկները հասցնում են պարել, ուրախանալ, ծանոթանալ մյուսների հետ, ծնողները դարպասներին հենված անհամբեր սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն: Վերջապես հերթը N քաղաքի զինկոմարիատից ծառայության մեկնող տղաներինն է: Բարձր եւ ուրախ տրամադրությամբ մտնում են ներս ու սկսում քաշել թերթիկները՝ պարզելու համար, թե որտեղ են ծառայելու: Դիմացի սենյակում վիճակահանությանը ծնողները հետեւում են մոնիտորներից: Լարված են, հուզված. որտեղ կծառայի իրենց որդին: Վիճակահանությունից հետո, երբ արդեն պարզ է ծառայության վայրը, ծնողները կրկին հիշում են իրենց խորհուրդները:

«Խելոք լինի, ընկերասեր լինի: Աշխարհին խաղաղություն լինի, մենք էլ մեր զինվորներին ընդունենք ողջ ու առողջ: Իրենց բարի ծառայություն, մեզ էլ համբերություն»,- ասում են հուզված ծնողները:

Նրանցից մի մասն այսօր բանակ էր ճանապարհում իր միակ երեխային: Տեսախցիկի առջեւ նրանք խոսել չէին ուզում, հուզված էին, ցանկանում էին միայն անփորձանք ծառայություն բոլոր տղաներին: Հակառակ ծնողներին, նորակոչիկները վիճակահանությունից հետո էլ հուզմունքի ոչ մի նշան ցույց չէին տալիս:

«Բոլորս էլ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը, մասնակցելու թեկուզ եւ մարտական գործողություններին»,- նշում է Նոր Նորքից զորակոչված Դավիթը:

Մյուս նորակոչիկները նույնպես շեշտում էին, որ ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ, մարտական տրամադրված եւ ամեն ինչ շատ լավ է լինելու, երկու տարի անց վերադառնալու են ավելի լավը դարձած:

«Պիտի ձիգ լինենք, ակուրատնի ծառայենք ու վերադառնանք մեր տները»,- եզրափակում են նորակոչիկները: