News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի 18 անդամի գործով դատավարությունը: Խուզարկության ավանդական պահանջից եւ պաշտպանների հրաժարվելուց հետո փաստաբաններ Ինեսա Պետրոսյանին ու Մոնիկա Մարգարյանին թույլ չեն տվել դատարան մտնել: Իսկ ամբաստանյալներին հարազատները ծափերով են դիմավորել:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստը սկսել է փաստաբանների մեծ մասի բացակայությամբ: Մյուս պաշտպանների՝ նիստը հետաձգելու եւ բոլոր փաստաբանների ներկայությունն ապահովելու պահանջը դատավորն անտեսել է: Ամբաստանյալներից 15-ի նկատմամբ էլ սանկցիա է կիրառվել. դատավորի՝ դահլիճ մտնելիս ոտքի չեն կանգնել:  Պատժից խուսափել են միայն Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը՝ առողջական խնդիրների պատճառով: Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանը նստած տեղից հայտարարություն է արել ու նախազգուշացում ստացել: Դատավորի հետ կարճատեւ վիճաբանությունից հետո էլ Կյուրեղյանը հեռացվել է դահլիճից: Ավելի ուշ դահլիճից հեռացվել են եւս 15 ամբաստանյալներ: Մինչեւ աշխատանքային օրվա ավարտը տեւած նիստին փաստաբանների եւ ամբաստանյալների մեծ մասն այդպես էլ չի մասնակցել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին:

Մեկնարկել է 2017 թվականի ամառային զորակոչը: Կենտրոնական հավաքակայանում էր նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Մովսես Հակոբյանը լրագրողներին տեղեկացրել է մի քանի փոփոխությունների մասին. զինվորական համազգեստը, կոշիկները հիմա ավելի որակով են, նորակոչիկներին էլ արգելում են հավաքակայան սնունդ տանել. բանակն իր զինվորին ապահովում է անհրաժեշտ ամեն ինչով: Ապացուցելու համար նույնիսկ տղաներից մեկին խնդրեց հանել կոշիկն ու գուլպաները՝ լրագրողների ներկայությամբ որակը ստուգելու համար:

Տղաները բարձր, մարտական տրամադրությամբ են ծառայության մեկնում: Հավաստում են. անհրաժեշտության դեպքում պատրաստ են մարտական գործողությունների մասնակցել: Իսկ ծնողների մաղթանքը զորակոչիկներին մեկն է. բարի ծառայություն եւ բարի վերադարձ:

Իսկ Ազգային ժողով գնացած նախարարներից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու նրանց որդիները զինվորական ծառայություն չեն անցել: Դավիթ Լոքյանը հավաստել է, որ որդին՝ Սերգեյ Լոքյանը, առողջական խնդիրներ ունի, բայց փաստեր հրապարակել չի պատրաստվում. անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պաշտպանության նախարարությունում են: Չի ծառայել նաեւ Իգնատի Առաքելյանի որդին: Պատճառը գյուղնախարարը չի նշել. անձնական է, բարձրաձայնելու ենթակա չէ:

Արարատում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Օշականի 26-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Մկրտիչ Ղահրամանյանը Volkswagen մակնիշի մեքենայով Փոքր Վեդի գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը եւ գլխիվայր պտտվելով՝ հայտնվել դաշտում: Ղահրամանյանը կնոջ ու որդու հետ է եղել: 2 տարեկան Արտաշեսը տեղում մահացել է, իսկ զինծառայողն ու կինը՝ 24-ամյա Արմինե Մնացականյանը, հիվանդանոց են տեղափոխվել: Զինծառայողն ընտանիքի հետ Արցախ էր մեկնում, որտեղ ծառայում էր:

Արթիկի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին երեխա է մահացել: Տղան 1 օրական է եղել: Բուժկենտրոնից տեղեկացնում են, որ երեխան ժամկետից շուտ է ծնվել: Առաջին օգնությունից հետո բուժման նպատակով նորածնին Գյումրի են տեղափոխել, բայց ճանապարհին մահացել է: Նորածնի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: Երեխայի մահվան պատճառը կպարզեն դատաբժշկական փորձաքննության արդյունքում:

Հուլիսի 4-ին եւ 5-ին Հայաստանում բարձր ջերմային ֆոն է սպասվում: Հանրապետության հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ 40 աստիճան տաքություն, հրդեհի վտանգը չափազանց մեծ է: Օդի ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից:

Հուլիսի 3-ին ամերիկյան արժույթը թանկացել է, եվրոն՝ էժանացել: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 546, ռուբլունը՝ 8 դրամ 11 լումա, ֆունտինը՝ 623 դրամ:

Հուլիսի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ