News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարությունը թեեւ մեկ ամիս է՝ սկսվել է, բայց դատաքննության փուլին դեռ չի հասել: Արդեն երկրորդ նիստն է՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը փորձում է գործով պաշտպանների ներգրավել, բայց այս ընթացքում հասցրել է միայն դատական սանկցիաներ կիրառել փաստաբանների ու ամբաստանյալների նկատմամբ: Թերեւս սրանով է պայմանավորված այն, որ այսօր նիստերի դահլիճում մնացել էին երեք պաշտպան եւ յոթ ամբաստանյալներից միայն մեկը:

Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպանները հայտարարեցին, որ ամբաստանյալները թույլ չեն տալիս իրենց բացակայությամբ նիստի մասնակցել, այդ պատճառով էլ երրորդ նիստն անընդմեջ փաստաբանները չեն գալիս դատարան: Ընդ որում, դահլիճում նրանց բացակայությունը երկու պատճառ ունի. փաստաբանները կա՛մ հրաժարվում են խուզարկվել, ինչի հետեւանքով նրանց արգելում են դատարան մտնել, կա՛մ ամբաստանյալների նկատմամբ սանկցիա են կիրառում եւ փաստաբանները դարձյալ չեն մասնակցում նիստի:

Այսօր դատավորը Ժիրայր Սեֆիլյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Ներսես Պողոսյանին առաջարկեց այլ պաշտպան ընտրել: Չնայած ամբաստանյալները կտրուկ հրաժարվեցին, այնուամենայնիվ, Տաթեւիկ Գրիգորյանը որոշում կայացրեց Սաֆարյանին հանրային պաշտպան տրամադրել, Սեֆիլյանի համար ներգրավել մյուս պաշտպանին՝ Արա Զաքարյանին, որը դատարան եկավ երկու ժամ անց միայն, իսկ Ներսես Պողոսյանի ճակատագիրն այդպես էլ օդում կախված մնաց: Նրա պաշտպաններից Նինա Կարապետյանցը, որին դատավորը ցանկանում էր ներգրավել գործում, այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին: Շուրջ վեց ժամ տեւած նիստն այսքանով ավարտվեց:

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 21-ին. մինչ այդ՝ դատավորը պաշտպաններին խորհուրդ տվեց այս երկու շաբաթվա ընթացքում կազմակերպել իրենց ամառային արձակուրդը, քանի որ դրանից հետո Տաթեւիկ Գրիգորյանը ծրագրում է շաբաթական երկու անգամ նիստ անցկացնել:

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում էր Սեւանից լրացուցիչ ջրառին վերաբերող օրինագիծը: Կառավարության այս օրինագծով նախատեսվում է 2017 թվականին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խ.մ. առավելագույն ջրառից բացի՝ 100 միլիոն խ.մ. լրացուցիչ ջուր բաց թողնել:

«Ելք»-ից Արտակ Զեյնալյանը նկատեց. կարեւոր օրինագիծ են քննարկում, բայց դահլիճը կիսադատարկ է:

Նաիրա Զոհրաբյանը համաձայն է, որ գյուղացիական տնտեսությունները փրկելու հարց է դրված, բայց նրան դուր չի գալիս, որ կառավարությունն անընդհատ ոլոր-մոլոր ճանապարհներով ինչ-որ ձեւակերպումներ է փորձում անել: Նա հասարակության հետ անկեղծ լինելու կոչ արեց:

Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարը հիշեցրեց, որ 2002 թվականին կառավարությունը հաստատել է Սեւանի ջրի մակարդակը 6 մետրով բարձրացնելու 30-ամյա ժամանակացույցը: Արսեն Հարությունյանը նաեւ թվեր ներկայացրեց. 2002-ին այն կազմել է 1.898 մետր 32 սանտիմետր, հիմա հասել է շուրջ 1.901 մետրի: Այլ կերպ ասած՝ սահմանված շեմին հասնելու համար ընդամենը 4 մետր է մնացել: Բացի այդ՝ առաջիկայում հնարավոր կլինի Սեւանա լճի բեռը թեթեւացնել Վեդիի ջրամբարի օգնությամբ: Դրա շինարարությունն արդեն մեկնարկել է, նախատեսվում է ավարտել 4 տարվա ընթացքում:

Իսկ մինչ պատգամավորները քննարկում էին օրինագիծը, Ազգային ժողովի դիմաց դրա դեմ բողոքում էր «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը: Ինգա Զարաֆյանի խոսքով, եթե խորհրդարանը հավանություն տա նախագծին, իրենք կբացահայտեն, թե ում շահերին է ծառայում ջրառը։ Հավաստեց, որ արդեն հետաքննություն են սկսել: Բնապահպանները լրացուցիչ ջրառի որոշումը հանցագործություն են համարում:

Օրենքի նախագիծը, ամեն դեպքում, առաջին ընթերցմամբ ընդունվեց. կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ՝ 3-ը: Երկրորդ ընթերցմամբ այն կքննարկվի հուլիսի 6-ի արտահերթ նիստում: Նույն օրը կլսվի նաեւ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

Չելյաբինսկում տեղի ունեցած ողբերգությունը 7 հայի կյանք է խլել. ջրասույզ են եղել ընտանիքի անդամներ. 4-ը երեխաներ են, որոնցից մեկը՝ 2 տարեկան: Երեք եղբայրներն ընտանիքների հետ լիճ էին գնացել՝ 16-ամյա Անգելինայի դպրոցն ավարտելու կապակցությամբ խնջույքի: Նրանք որոշել են նավակով զբոսնել լճում, բայց չեն պահպանել անվտանգության կանոնները. գերբեռնել են նավակն ու առանց փրկարարական բաճկոնի են եղել: Զոհվել են եղբայրները՝ 36-ամյա Արենը, 38-ամյա Արմանն ու 45-ամյա Արթուրը, ինչպես նաեւ նրանց երեխաներից Դավիթը, Արտյոմը, Էլենը եւ 2 տարեկան Արսենը: Ափից օգնության հասած մարդիկ ջրից դուրս են բերել երկու երեխայի, նավակում եղած երկու կանայք էլ լողալով են ափ հասել: Ավելի ուշ պարզվել է, որ նավակի վրա նաեւ փոքրիկ ճեղքվածք է եղել:

Գյումրիից 11 կմ դեպի հյուսիս-արեւմուտք 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Օջախը 10 կմ խորությամբ է եղել: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում եւ Աշոցք գյուղում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

Դոլարն ու եվրոն հուլիսի 4-ին էժանացել են: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 545, ռուբլունը՝ 8 դրամ 10 լումա, ֆունտինը՝ 620 դրամ:

Հուլիսի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ հուլիսի 6-9-ին 4-6 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +25+27, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ