Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը անուշադրության է մատնել նոր սերնդի դաստիարակության հարցը: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Ազգային ժողովում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. գործունեության քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ նշելով, որ հենց այդ պատճառով էլ նոր սերունդը մեծանում է սխալ արժեհամակարգով:
«Օրը ցերեկով որոշ հեռուստաընկերություններ պարբերաբար ցուցադրում են եւ էրոտիկ, եւ սարսափ տարածող սերիալներ, հաղորդումներ: Եթե ինձ հարցնեն՝ ո՞ր պետական մարմինների գործունեությունն եք ամենացածրը գնահատում մայրության, մանկության, երիտասարդության դաստիարակության հարցում եւ ընդհանարպես, ընտանիքի ամրապնդման գործում, կներեք, բայց ես ձեր հանձնաժողովի անունը կտամ: Անձնավորում այստեղ ընդհանրապես չկա, խոսքը երեւույթի մասին է: Ձեր հանձնաժողովը պարզապես անուշադրության է մատնել այդ խնդիրը, այսօր դպրոցը ավարտած աշակերտներն ավելի շատ ճանաչում են ոչ հիգիենիկ արտաքինով դերասանի կոչման առթիվ ինքնախաբեությամբ զբաղված ինչ-որ երիտասարդների, քան հայ մեծերին եւ դրա մեղավորը նաեւ ձեր հանձանժողովն է»,-ասաց նա:
Նշենք, որ Ազգային Ժողովում այս պահին քննարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. գործունեությունը:











