News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինուժն արկակոծել է հայկական դիրքերը: Հակառակորդի սադրանքի հետեւանքով պաշտպանության բանակի երեք զինծառայող է վիրավորվել՝ 48-ամյա Ռոբերտ Գասպարյանը, 20-ամյա Համբարձում Հարությունյանը եւ 19-ամյա Վահե Բադալյանը: Նրանք Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում են: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է, նա գլխի վիրահատության է ենթարկվել: Հայկական կողմը պատասխան հարված է հասցրել: Հիմա շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է:

Արցախի պաշտպանության բանակն այսօր տեսանյութ է տարածել՝ հերքելով Բաքվի տարածած հերթական ապատեղեկատվությունը: Հուլիսի 6-ին Ադրբեջանի իշխանությունները հավաքել են օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին ու լրագրողներին եւ Ալխանլու գյուղ տարել՝ փորձելով վստահեցնել, որ այնտեղ ռազմակայան գոյություն չունի: Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութում հստակ երեւում է գյուղի մոտակայքում տեղակայված հրանոթը: Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ադրբեջանական սադրանքին ի պատասխան Արցախի զինուժի հարվածների հետեւանքով այս գյուղի երկու բնակիչ էր զոհվել՝ կին եւ երեխա:

Ազգային ժողովում այսօր շարունակվել է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը: 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քվեարկությունից առաջ «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորների թիվը բավարար չէ՝ հաշվետվությունն ընդունելու համար եւ ընդդիմադիրներին առաջարկել է չմասնակցել քվեարկությանը:

«Ծառուկյան» դաշինքից Վահե Էնֆիաջյանը քվեարկությանը չմասնակցելու մեջ իմաստ չի տեսել՝ հայտարարելով, որ իրենք դեմ են քվեարկելու: Սակայն բյուջեի կատարողականի հաշվետվությունը 53 «կողմ» եւ 13 «դեմ» ձայնով ընդունվել է: Փաշինյանը չի դիմացել ու արձագանքել է:

Հետո արդեն հաշվետվություն ներկայացնելու հերթը Կենտրոնական բանկի նախագահինն էր: Ի տարբերություն երեկվա բուռն քննարկումների եւ ոգեւորված ելույթների՝ պատգամավորներն այսօր շատ պասիվ են եղել. ո՛չ հարց են ուղղել Արթուր Ջավադյանին, ո՛չ էլ մասնակցել մտքերի փոխանակությանը: Ջավադյանը ներկայացրել է հաշվետվությունն ու հեռացել ամբիոնից:

Փոխարենը պատգամավորներն ակտիվացել են, երբ սկսել է քննարկվել ՀՌԱՀ-ի 2016 թվականի գործունեության հաշվետվությունը: Պատգամավորները հիմնականում խոսել են հեռուստասերիալների եւ հաղորդումների որակի մասին: Նիկոլ Փաշինյանը դժգոհել է. սկսել են նույնիսկ հեռուստաեթերում ընտանեկան խնդիրներ քննարկել:

Արտակ Զեյնալյանն էլ հետաքրքրվել է. Հայաստանում կուսակցական հեռուստաալիքներ կա՞ն: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը վստահեցրել է՝ ոչ: «Ծառուկյան» դաշինքից Գեւորգ Պետրոսյանը Հանձնաժողովին մեղադրել է անգործության մեջ: Կարծում է, որ ՀՌԱՀ-ի անդամներն անուշադրության են մատնել նոր սերնդի դաստիարակության հարցը:

Քննարկմանը միացած Շարմազանովը նույնպես դժգոհ է հեռուստատեսության որակից: Ասում է՝ նույնիսկ սերիալները կարելի է ճաշակով նկարել: Առաջարկում է նաեւ ավելի շատ դաստիարակչական բնույթի ֆիլմեր նկարահանել մերօրյա հերոսների մասին:

Պատգամավորները հարցեր ունեին նաեւ ամբիոնին մոտեցած գլխավոր դատախազին: Էդմոն Մարուքյանին ու Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե ինչու երկրորդ անգամ կալանավորվեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: Փաշինյանն Արթուր Դավթյանին հիշեցրել է նրա աշխատասենյակում հանդիպման ժամանակ «Հաց բերողի» մասին խոսակցությունը. զգուշացրել էին, որ Արթուր Սարգսյանին մահվան են հասցնելու: Արթուր Դավթյանը չի համաձայնել, նաեւ հորդորել է սպասել նախաքննության ավարտին, ինչից հետո կհայտարարեն, թե որն է եղել «Հաց բերողի» մահվան պատճառը:

Լրագրողներն էլ հետաքրքրվել են, թե ինչ է արվել դատարանի շենքում ոստիկանների կողմից բռնության ենթարկված «Սասնա ծռերի» անդամների գործով: Գլխավոր դատախազը բռնությունը հանցագործություն է որակել: Ոչ մի ոստիկան դեռ չի ձերբակալվել, բայց արդեն քրեական գործ կա հարուցված:

Համբուրգում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը: Այս հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեմաներն են լինելու ահաբեկչության դեմ պայքարի, գլոբալ առեւտրի, կլիմայի փոփոխությունների հարցերը:

Սակայն փորձագետները գագաթնաժողովի կարեւորագույն իրադարձությունը Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առանձնազրույցն են համարում: Երկու երկրների նախագահներն առաջին անգամ են հանդիպում: Նրանց զրույցն ավելի քան երկու ժամ է տեւել: Քննարկվող հարցերի եւ հանդիպման արդյունքների մասին շատ բան չի հաղորդվում, բայց մինչ այդ նշվում էր, որ նախագահները, ամենայն հավանականությամբ, կխոսեն ռուս-ամերիկյան հարաբերությունների, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն դրա համար մի շարք կոնկրետ պայմաններ է առաջադրելու:

Հավելենք, որ G20-ի գագաթնաժողովն անցկացվում է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում՝ կապված նախօրեին մեկնարկած բողոքի զանգվածային ցույցերի հետ: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են գրանցվել, ավելի քան յոթ տասնյակ իրավապահ է վիրավորվել:

Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Կուսակցությունում արդեն գիտեն, թե ում են առաջարկելու կոալիցիայի քվոտայով ՀՅԴ-ին տրված այդ պաշտոնում: Աղվան Վարդանյանի խոսքով՝ երիտասարդ կադր են առաջադրել. Երեւանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանին: Նա ծնունդով Արագածոտնից է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ: Այս փոփոխության պատճառների մասին Վարդանյանը չի մանրամասնել, սակայն մամուլում տեղեկություններ կան, որ Դաշնակցությունը դժգոհ է խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյոզալյանի աշխատանքից. Արագածոտնում կուսակցությունը բավական քիչ ձայն էր ստացել:

«Զինված խմբի» գործով այսօրվա դատական նիստն ընդամենը մի քանի րոպե տեւեց, բայց անցավ լարված մթնոլորտում: Նախորդ նիստում 3 ժամով հեռացված Վահան Շիրխանյանի փաստաբանը դատավոր Արմեն Բեքթաշյանին մեղադրեց իր պաշտպանյալից հաշիվ պահանջելու եւ նրա հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ: Հիշեցնենք, որ Շիրխանյանի նկատմամբ դատավորը սանկցիա էր կիրառել, քանի որ ամբաստանյալը դատարանին մեղադրել էր իր առողջական խնդիրների լրջությունը չհասկանալու մեջ: Այսօր փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ հեռացվելուց հետո դատավորը մոտեցել է իր պաշտպանյալին եւ վիրավորական արտահայտություններ արել:

Արմեն Բեքթաշյանը որեւէ կերպ չարձագանքեց պաշտպանի հնչեցրած մեղադրանքներին: Դատավորը հետաձգեց նիստը, ինչից հետո մի քանի րոպե առանձնազրույց ունեցավ Հայկ Ալումյանի հետ: Զրույցի մանրամասները փաստաբանը լրագրողներին չհայտնեց, բայց նշեց, որ դիմելու է Արդարադատության խորհուրդ՝ դատավորի վարքագիծը քննելու պահանջով:

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին այսօր առավոտյան սնունդ տեղափոխող պաշտպանության նախարարության «ԿԱՄԱԶ»-ը շրջվել է: Պատահարի հետեւանքով մեկ պայմանագրային զինծառայող Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել: Նա մեքենայի վարորդն է եղել, վնասվածքները լուրջ չեն. թեթեւ քերծվածքներ ունի: Ականատեսների վկայությամբ՝ պատահարի պատճառ  են դարձել ճանապարհի երթեւեկելի մասով անցնող անասունները:

Դոլարը շարունակում է թուլանալ, իսկ եվրոն ավելի քան 2 դրամով թանկացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր արդեն կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 547, ռուբլունը՝ 7 դրամ 94 լումա, ֆունտինը՝ 618 դրամ:

Հուլիսի 8-ին Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-10-ին 2-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ