Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 10-ին, «քուանշ» հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Քուանշը տերմին է, որն օգտագործվում է բլոտ խաղում՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար: 4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու: Մարտի 1-ի մասին քուանշ պարոն գլխավոր դատախազին: Ասում եք՝ կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանց կատարած անձանց մեղադրանքները հիմնավորելու համար ապացույցներ ձեռք բերելու համար: Ուզում եք ասել, որ որեւէ գործողությո՞ւն եք կատարում: Ցույց տվեք քննչական գործողության մասին մի ապացույց, այդ հերթապահ նախադասությունն արտասանող արդեն երրորդ գլխավոր դատախազն եք: Բոլոր զոհերը՝ բացառությամբ զինվորական Տիգրան Աբգարյանի եւ ոստիկան Համլետ Թադեւոսյանի, քրեական գործում բնորոշված են որպես զանգվածային անկարգությունների մասնակցիներ: 3 ցուցարար սպանվել է չերյոմուխա զենքից, այդ զենքն օգտագործել է ընդամենը 5 ոստիկան, նրանց անունները մամուլում էլ են հրապարակվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երկրորդ «քուանշը» վերաբերում է «Սասնա ծռերի» ու Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալների՝ ընտանիքներին տեսակցելու արգելքին: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց գլխավոր դատախազի խոսքերը, թե արգելքը սահմանվել է՝ նախաքննության շահերից ելնելով:

«Քուանշ պարոն գլխավոր դատախազ: Տեսակցությունն ընթանում է քրեակատարողական հիմնարկի ծառայողների ներկայությամբ: Եթե մի տեսակցության ժամանակ պարզվեր, որ, օրինակ, Վարուժան Ավետիսյանի 11-ամյա որդին ատոմային ռումբ է փորձել փոխանցել, կասեինք՝ հա էլի, մանկահասակ երեխաները փորձում են զենք-զինամթերք փոխանցել: Սա խոշտանգում է, պարտադի՞ր է եղունգները քաշել: Սա անձնական հաշվեհարդար է, բա ի՞նչ է, անձնական հաշվեհարդարը պոզով-պոչով է լինո՞ւմ»:

Երրորդ «քուանշը» Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ էր: Հիշեցնենք, որ Փաշինյանն ու իր խմբակցության պատգամավորն անձնական երաշխավոր էին կանգնել՝ միջնորդելով խափանման միջոց կալանավորումը փոխել, սակայն դատախազությունը չէր փոխել այն՝ հայտարարելով, որ որեւէ երաշխիք չկա, թե Ղուկասյանն ազատության մեջ չի խոչընդոտի նախաքննության ընթացքին:

«Մի ամբողջ պատգամավորական խմբակցության երաշխիքը ձեզ համար երաշխիք չէ՞, թե՞ պարտադիր Անդրիաս Ղուկասյանը պիտի ստանձնած լիներ, որ ՀՀԿ-ի համար իրանց քուչում ձայներ է ապահովելու, նոր ներում տայիք, ազատեիք կամ ախպոր ախպոր ախպորը ասեիք՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքի, որ ազատ արձակենք Անդրիաս Ղուկասյանին: Դուք օրենքով չեք առաջնորդվում, պարոն գլխավոր դատախազ, Բաղրամյան 26-ից եք հրահանգներ ստանում, թե ինչ անեք, ում բռնեք, ում ազատեք»,- նշեց Փաշինյանը:

Վերջին «քուանշը» վերաբերում էր Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերողին»: Փաշինյանը հիշեցրեց Արթուր Դավթյանի աշխատասենյակում իրենց խոսակցությունը:

«Դուք հիմա ասում եք, որ գլխավոր դատախազության գործողությունները չեն, որ հանգեցրել են Արթուր Սարգսյանի մահվան: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ: «Հաց բերողն» ազատ է արձակվել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության համաձայն, դրանից հետո կրկնակի փորձաքննություն է նշանակվել, եթե ազատում եք, ինչո՞ւ եք նորից փորձաքննություն նշանակել, էդ ի՞նչ իրադարձությամբ էր պայմանավորված: Պարզ է՝ հաշվեհարդարի, որովհետեւ մեր ժամանակների հերոս էր դարձել, ո՞նց կարող է Հայաստանում հերոս լինել, միակ հերոսը պետք է Սերժ Սարգսյանը լինի: Պարոն գլխավոր դատախազ, միջգերատեսչական հանձնաժողովի անդամների դեմ քրեական գո՞րծ եք հարուցել, ուրեմն խաբե՞լ են, թե կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի, իսկ այդ անձանց դատապարտե՞լ եք: Ո՛չ, չեք արել, դուք կրկին կալանավորել եք Արթուր Սարգսյանին, իսկ երբ հասկացել եք, որ մահանում է, ազատել եք, որ ազատության մեջ մահանա, դուք էլ քրգործ հարուցեք, ամիսներով քննեք, մինչեւ մարդիկ մոռանան այս դեպքի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: