News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հուլիսի 11-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նշելով, որ չնայած հայ-իսլանդական միջպետական կապերն սկսել են զարգանալ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 20 տարիների ընթացքում, Նախագահն ընդգծել է, որ այդ ժամանակահատվածում երկու երկրների փոխգործակցության ներուժը լիարժեքորեն չի օգտագործվել, եւ Հայաստանը պատրաստակամ է խորացնել միջպետական հարաբերությունները Իսլանդիայի հետ՝ այդ գործում ակնկալելով նաեւ նորանշանակ դեսպանի ակտիվ աշխատանքը:

Դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը վստահեցրել է, որ լավագույն ջանքը կներդնի հայ-իսլանդական երկկողմ կապերի ամրապնդման համար: Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով արդեն որոշակի հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Երեւանում եւ համարում է, որ ինչպես առեւտրատնտեսական, այնպես էլ հումանիտար բնագավառներում հաջողությամբ համագործակցելու ներուժ կա, որի լիարժեք օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է հետեւողականորեն աշխատել: Դեսպանը հեռանկարային է համարել նաեւ Իսլանդիայի եւ Հայաստանի բուհերի միջեւ փոխգործակցության զարգացումը, ՏՏ, զբոսաշրջության ոլորտներում փորձի փոխանակումը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Իսլանդիան փոխշահավետ համագործակցություն կարող են զարգացնել էներգետիկայի՝ հատկապես վերականգնվող էներգետիկայի բնագավառում, որտեղ Իսլանդիան մեծ փորձ եւ զգալի ձեռքբերումներ ունի:

Հանրապետության Նախագահը եւ դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը կարեւորել են նաեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, որը, կողմերի համոզմամբ, մեծապես կնպաստի միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ