News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նոր մանրամասներ են հայտնի նախօրեին Արցախում հակառակորդի արձակած կրակոցից ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանի զոհվելու մասին: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում: Նա մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:

Վազգենը 1.5 տարվա զինծառայող էր, հուլիսի 12-ին կդառնար 20 տարեկան: Նա հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ժամկետային զինծառայողը Վայոց ձորի Հորբատեղ գյուղից էր: Շուրջ 300 բնակիչ ունեցող Հորբատեղը 2017 թվականի սկզբից երկրորդ զինծառայողին է կորցնում:

Աբովյանում ողբերգական պատահար է տեղի ունեցել: Շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանի պատուհանից 3 տարեկան երեխա է ընկել ու մահացել: Մեր տեղեկություններով՝ տղան ընտանիքի միակ զավակն էր: Նա տանը մոր հետ մենակ է եղել:

Ավագանու ընտրությունների ընթացքում Տարոն Մարգարյանի նախընտրական արշավին Գոռ Վարդանյանի ակտիվ մասնակցությունը, կարելի է ասել, պարգեւատրվեց: Մարզիկ-դերասան-կինոռեժիսոր Վարդանյանը նշանակվել է Տարոն Մարգայանի խորհրդական. նա կհամակարգի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները: Երեկվանից սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է Մարգարյանի այս նշանակումը: Օգտատերերը տարակուսում են. քաղաքապետին ի՞նչ խորհուրդ կարող է տալ կարատեիստ-դերասանը, որի գրագիտության աստիճանն օգտատերերի մոտ կասկածի տեղիք է տալիս: Հիշեցնենք, որ քարոզարշավի մեկնարկին լրագրողները փորձել էին ճշտել Վարդանյանի կարծիքը, թե ինչո՞ւ այսքան տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Տարոն Մարգարյանը չի լուծել քաղաքի անհետաձգելի խնդիրները: Վարդանյանը պատասխանել էր՝ «Ամեն ինչի վատ ձեւի եք նայում», եւ հորդորել «բարի աչքով նայել Երեւանի խնդիրներին»:

«Ոսկե Ծիրան 2017» կինոփառատոնի «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» արտամրցութային ծրագրի չեղարկումը մեծ արձագանք է ստացել: Ատոմ էգոյանն ու Արսինե Խանջյանը սա գրաքննություն են որակել եւ խորը մտահոգություն հայտնել մի ամբողջ ծրագիր չեղարկելու որոշման կապակցությամբ: «Ոսկե Ծիրան 2017»-ի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն ասում է՝ արտամրցութային ծրագրի չեղարկման պատճառը դրանում ընդգրկված՝ ԼԳԲՏ հանրության մասին պատմող երկու ֆիլմերն են:

Կինեմատոգրաֆիստների միությունը պահանջել է դրանք հանել ծրագրից՝ հրաժարվելով ցուցադրությունների համար տարածք տրամադրել: Խտրականությունից խուսափելու համար «Ոսկե Ծիրանի» տնօրինությունը որոշել է փառատոնից ընդհանրապես հանել «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ծրագիրը:  Կինեմատոգրաֆիստների միությունում պատճառաբանել են, որ ֆիլմերի ցուցադրությունից հրաժարվելը կապված է միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվան հետ. միությունը սուգ է պահում:

Ռուսաստանում հայկական հերթական տրանսպորտային միջոցն է վթարվել: 3 անձ, բոլորը՝ Հայաստանի քաղաքացիներ, տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Երեւան-Անապա երթուղու Mercedes Vito միկրոավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում կողաշրջվել է: Տուժել են վարորդը՝ 1961 թվականին ծնված Սեյրան Շահվերդյանը, ինչպես նաեւ ուղեւորներ Արսեն Ազիզյանը եւ Սոֆիկ Ալոյանը: Տուժածների վիճակը միջին ծանրության է: Միկրոավտոբուսում Հայաստանի 7 քաղաքացի է եղել:

Դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ եվրոն երեկվա անկումից հետո սկսել է թանկանալ: Արդյունքում դոլարի փոխարժեքը հուլիսի 11-ին կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 545, ռուբլունը՝ 7 դրամ 89 լումա, ֆունտինը՝ 618 դրամ:

Հուլիսի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ