News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստն այսօր՝ հուլիսի 12-ին, ընդմիջումից հետո վերսկսվեց: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Էդվարդ Գրիգորյանի եւ Սեդրակ Նազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին ինքնաբացարկ ներկայացրեց: Պաշտպանը դատարանին ինքնաբացարկի միջնորդության հիմքերն էր ներկայացնում, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընդմիջեց նրան: Լուսինե  Սահակյանը պահանջեց թույլ տալ շարունակել իր միջնորդությունը եւ լեզվակռիվ սկսվեց նրանց միջեւ, դատարանը դատական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ` նախազգուշացման տեսքով:

Լուսինե Սահակյանը նշեց, որ Արտուշ Գաբրիելյանն այն դատավորն է, որը չի կարող կառավարել նիստը, անկողմնակալ դատավոր չէ եւ այն դատավորն է, որի նախագահությամբ նիստի ժամանակ ուժ է կիրառվել ամբաստանյալների նկատմամաբ: Բացի այդ Լուսինե Սահակյանը նշեց, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որն այս գործով կամ տուժողի կամ այլ կարգավիճակ պետք է ունենար, այստեղ ծառայություն է իրականացնում, ավելին, ընդմիջման ժամանակ, երբ պաշտպանները միմյանց հետ խորհրդակցում են, անընդհատ փորձում լսել նրանց խոսակցությունը: Պաշտպանները միացան Լուսինե Սահակյանի միջնորդությանը:

Դատարանը նկատեց, որ ամբաստնյալներից Էդվարդ Գրիգորյանը հեռախոսով ինչ-որ գործողություններ է կատարում եւ պահանջեց հեռախոսը վերցնել նրա ձեռքից. Էդվարդ Գրիգորյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարանը չի կարող արգելել, որպեսզի իր պաշտպանյալի եւ իր միջեւ շփումը տեղի ունենա բջջային հեռախոսի միջոցով եւ նա չի պատրաստվում հեռախոսը վերցնել նրա ձեռքից:

Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանն  էլ նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի կարող արդար դատաքննություն իրականացնել, քանի որ «ՀՀ գլխավոր դատախազի կողմից կոնկրետ մեսիջ ունի»:

Նշենք, որ ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը ներկա չէ դատական նիստին, պաշտպանները դատարանից պահանջեցին նրա բացակայության պայմաններում դատական նիստ չանցկացնել, սակայն, դատական նիստը շարունակվում է:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի մասով որոշում կայացնելու:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ