News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բրյուսելում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նախարարները հանդիպել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության վերջին սրումից անմիջապես հետո: Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ նախարարական մակարդակով հաջորդ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան սեպտեմբերին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում: Հուլիսի 11-ի հանդիպման ընթացքում առաջարկ է հնչել մինչեւ տարեվերջ կազմակերպել նաեւ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այսօր քննարկում են տեղի ունեցել նաեւ Եվրախորհրդարանում: Այստեղ արձանագրել են, որ Մինսկի խմբի գործունեության արդյունքները, հնարավոր է, այնքան տպավորիչ չեն, որքան կարելի էր ակնկալել, բայց կանխում են լարվածության սրումը: Եվրախորհրդարանի անդամները մտահոգություն են հայտնել շփման գծում իրադրության վերջին սրացումների կապակցությամբ: Նշվել է, որ ցավալի է Ադրբեջանի երկու խաղաղ քաղաքացու մահը, բայց հաղորդագրությունները, որ ադրբեջանական ռազմական տեխնիկան տեղակայված է բնակավայրերում, առավել մտահոգիչ են:

Արցախում պատրաստվում են նախագահական ընտրությունների: Այդ պաշտոնին երկու թեկնածու է հավակնում՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն այսօր էր, ինչից հետո 24 ժամվա ընթացքում հայտնի կլինի նախագահական ընտրությունների օրը: Բակո Սահակյանին սատարում են Արցախի Ազգային ժողովի երեք խմբակցություններ՝ «Հայրենիք»-ը, «Ժողովրդավարություն»-ը եւ «Դաշնակցություն»-ը: Ակնկալվում է, որ գործող նախագահը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը. 33 պատգամավորներից նրա օգտին պատրաստ են քվեարկել 28-ը, իսկ անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։

Սերժ Սարգսյանն այսօր երկու ուշագրավ դիվանագիտական նշանակում է արել։ Նախկին պատգամավոր, հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը՝ Լեւոն Մարտիրոսյանը, նշանակվել է Կանադայում Հայաստանի դեսպան, իսկ նախկին ընդդիմադիր պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում Հայաստանի դեսպան։

Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանի նշանակումը սոցիալական ցանցերում քննարկման թեմա է դարձել։ Նորանշանակ դեսպանը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու է ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը, որի վարած քաղաքականությունն իր համար անընդունելի էր: Ըստ նախկին արտգործնախարարի՝ դեսպանը ներկայացնում է ոչ թե իշխանությանը, այլ երկիրը։

Ռուսական լրատվամիջոցները կրկին ակտիվացրել են ռուս-վրացական նոր առեւտրային միջանցքների թեման։ Կյանքի կոչվելու դեպքում, դրանցով իրականացվելու է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքների տեղաշարժը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով։ Սա մեծ նշանակություն կունենա նաեւ Հայաստանի համար՝ այլընտրանք դառնալով Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին՝ Վերին Լարսին, որը տարվա մեծ մասը տարբեր պատճառներով անանցանելի է լինում: Նախօրեին Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչները Պրահայում կրկին պայմանավորվել են կյանքի կոչել դեռեւս 2011 թվականին ստորագրված պայմանագիրը: Չնայած դրան՝ Հայաստանի բեռնափոխադրողները կասկածով են վերաբերում պայմանագրի իրագործմանը, որի շուրջ բանակցությունները վերջին վեց տարվա ընթացքում պարբերաբար ակտիվացել են, բայց ոչ մի քայլ չի արվել։ Հիմնական խոչընդոտը տեխնիկական չլուծված հարցերն են։ Վրացիները պնդում են, որ իրենք պետք է իրականացնեն բեռնափոխադրումների վերահսկողությունը, ինչի շուրջ Ռուսաստանի հետ այդպես էլ համաձայնության չեն հասնում։ Խնդիրը լուծելու համար հնարավոր է՝ բեռների ստուգումը իրականացնի շվեյցարական միջնորդ ընկերությունը, որի հետ այժմ բանակցություններ են ընթանում։

Դոնալդ Թրամփի որդին բացահայտել է իրենց ընտանիքի կապն Ալիեւի նախկին փեսայի՝ Էմին Աղալարովի հետ։ Պարզվում է՝ ԱՄՆ նախագահի նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց Էմին Աղալարովն է կազմակերպել նրանց հանդիպումն այն ռուս իրավաբանի հետ, որը պետք է Հիլարի Քլինթոնի մասին վարկաբեկող տեղեկություններ փոխանցեր Թրամփին: ԱՄՆ նախագահի որդին նաեւ հրապարակել է դա ապացուցող էլեկտրոնային նամակագրությունը ռուսների հետ: Պարզվում է՝ Թրամփ եւ Աղալարով ընտանիքները սերտ բիզնես կապեր են ունեցել դեռեւս 2013 թվականից: Ի դեպ՝ Դոնալդ Թրամփը ժամանակին նկարահանվել է Ալիեւի նախկին փեսայի երաժշտական տեսահոլովակում:

«Սասնա ծռերի» 14 անդամների գործով այսօրվա նիստին պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց այն: Այսօրվա նիստին ներկա չէին ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանն ու Գագիկ Եղիազարյանը: Նախորդ նիստում նրանց նկատմամբ դատական սանկցիա էին կիրառել եւ 6 ժամով հեռացրել դահլիճից: Պավլիկ Մանուկյանը պահանջեց դատարանի խցից դահլիճ բերել «Միայնակ գայլին»՝ Արայիկ Խանդոյանին, ասելով, որ ընկերոջը խոշտանգելուց հետո չի տեսել:

Ի դեպ՝ դատական նիստի մեկնարկին ոստիկանություն բերման են ենթարկել Պավլիկ Մանուկյանի հետ ազգակցական կապ ունեցող երկու կանանց, որոնց մոտ քորոցներ են հայտնաբերել, վրան՝ եռագույնը: Բերման ենթարկված Անահիտ Մուրադյանն ու Լաուրա Զախարյանը ոստիկանությունում հայտնել են, որ դրանք դրսում ինչ-որ մարդիկ են բաժանել:

Հավելենք, որ դատարան տեղափոխվելուց առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խուզարկված «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանի էլ մոտ մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր են հայտնաբերել: Այն թաքցված է եղել մաստակի մեջ:

Հուլիսի 11-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական վրաերթի հետեւանքով հիվանդանոցում հայտնված 23-ամյա Արփինե Մանուկյանը նույնպես մահացել է: Նրա ամուսինը՝ 30-ամյա Նելսիկ Ղազարյանը, տեղում էր մահացել: Արփինեն, պարզվում է, հղի էր. երիտասարդները հինգ ամիս առաջ էին ամուսնացել, նրանք առաջնեկին  էին սպասում: Ամուսիններին Գյումրիում վրաերթի էր ենթարկել Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Նա ձերբակալված է, քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանությունը ճանապարհային պատահարների տխուր վիճակագրություն է հրապարակել: Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է 1499 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 101 մարդ, 2216-ը վիրավորվել է: 54 պատահարի պատճառ են դարձել ալկոհոլի աղդեցությամբ ղեկին նստած վարորդները: Վերջին 1.5 տարվա ընթացքում ավտովթարների թիվը նվազել է, սակայն վերջին երեք ամսում պատահարների աճ է գրանցվել:

Երեւանում ծնված հնգյակի՝ ողջ մնացած աղջիկներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Փոքրիկ Ռոզան 68 օր վերակենդանացման բաժանմունքում էր: Շուրջ 800 գրամ քաշով ծնված Ռոզան հիմա 2150 գրամ է կշռում: Փոքրիկն իրեն լավ է զգում, բայց առաջիկայում դեռ որոշ հետազոտություններ պետք է անցնի: Նրա քույրը՝ Աննան, դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը կայուն է, բայց բժիշկները դեռ չեն շտապում դուրս գրել հիվանդանոցից: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին հնգյակը՝ 4 աղջիկ եւ մեկ տղա, լույս աշխարհ եկավ մայիսի 3-ին: Երեխաները խորը անհաս էին ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Մի քանի օրվա տարբերությամբ նորածիններից երկու աղջիկն ու տղան, ցավոք, մահացան:

Եվրոյի վերելքը նոր թափ է ստացել, իսկ դոլարը շարունակում է զիջել դիրքերը: Դոլարի փոխարժեքը հուլիսի 12-ին կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 548, ռուբլունը՝ 7 դրամ 89 լումա, ֆունտինը՝ 615 դրամ:

Հուլիսի 13-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին առանձին հատվածներում տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ