Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին խոսելն արգելող փոփոխությունների փաթեթը քննարկման է դրվել մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում, հաղորդում է թուրքական CNN Turk-ը:
Նշվում է, որ պատգամավորների համաձայնությամբ պատգամավորների վարքի, նրանց արտաքին տեսքի եւ նիստերի կանոնակարգերի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթն ուղարկվելու է ենթահաձնաժողովին: Վերջինս ունենալու է ինը անդամ մեջլիսում ներկայացված բոլոր կուսակցություններից՝ մեկական անդամ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունից, երկուսն՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից, եւ հինգը՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի խորհրդարանի կանոնակարգում անակնկալ դրույթներ են հայտնվել. մասնավորապես, պատգամավորներն այսուհետ կարող են տուգանվել Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար:
Ըստ այդմ, նշվում է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստվել է երկրի խորհրդարանում պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների փաթեթ:
Դրանց շարքում կա նաեւ թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու եւ մեղադրանքներ ներկայացնելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու դրույթները: Մասնավորապես, նման դեպքում պատգամավորներին կարող են նիստերից հեռացնել եւ զրկել աշխատավարձի 2/3-ից:
Այս դրույթը թիրախավորում է հենց 19915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելու պատգամավորների փորձերը: