«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր` հուլիսի 13-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկնակի դատական սանկցիա կիրառեց Արայիկ Հակոբյանի եւ Մարիտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ Լուսինե Սահակյանին պատասխանատվության ենթարկելու համար: Նշենք, որ այսօրվա ընթացքում երկրորդ անգամ Լուսինե Սահակյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց: Թաթուլ Թամրազյանը տեղից նշեց, որ չեն ցանկանում մասնակցել դատական նիստին առանց իրենց ընկերների մասնակցությամբ: Դատարանը Թաթուլ Թամրազյանին 6 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար:
Նշենք, որ այսօր դատարանի դահլիճում են միայն ամբաստանյալներից Արամ Մանուկյանը, Թաթուլ Թամրազյանը եւ Հովհաննես Հարությունյանը:
Դատարանը մյուս 15 անդամների նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել ոտքի չկանգնելու համար եւ հեռացրել նիստերի դահլիճից:
Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:











