News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզում էր։ Նախագահն Իջեւանում ներկա է գտնվել նորակառույց զինավանի բացման հանդիսավոր արարողությանը, ապա շրջել զորանոցում, ծանոթացել պայմաններին ու զինվորական ճաշարանում ճաշել զինծառայողների եւ հրամանատարների հետ: Սերժ Սարգսյանը եղել է նաեւ Տավուշի մարտական դիրքերից մեկում: Նա շրջել է հենակետում, ծանոթացել զինվորների կենցաղային պայմաններին, մարտական պատրաստվածությանը: Ավելի ուշ նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ժամանակ աչքի ընկած սպաներին եւ զինվորներին:

Արագածոտնը նոր մարզպետ ունի. կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է այդ պաշտոնում Աշոտ Սիմոնյանի նշանակումը: Նշենք, որ այս մարզը կոալիցիոն քվոտայով ղեկավարում են դաշնակցականները, նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւս Դաշնակցության անդամ էր:

Այսուհետեւ Հայաստանի քաղաքացիները պարտքի պատճառով անօթեւան չեն մնա. կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ նույնիսկ պարտապանի բնակարանը հարկադիր աճուրդի հանելու դեպքում պարտատերը ստիպված կլինի նրան առնվազն 4.9 միլիոն դրամ վճարել, որպեսզի պարտապանը հնարավորություն ունենա նվազագույն բնակմակերես ձեռք բերել:

Կառավարության նիստից հետո լրագրողները վերջին աղմկահարույց թեմաներով զրուցել են կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ։ Ինչո՞ւ են դպրոցական ատեստատները թարգմանվում ռուսերեն: Լեւոն Մկրտչյանը բացատրել է. դա անում են այն տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, որոնք դպրոցն ավարտելուց հետո Ռուսաստան են մեկնում՝ արտագնա աշխատանքի, եւ եթե ատեստատները ռուսերեն չլինեն, ստիպված են լինելու լրացուցիչ ծախս անել թարգմանության համար: Ի դեպ՝ Ռուսաստան մեկնողների մասին: Լրագրողները նախարարին հիշեցրել են, որ գյուղացիներն իրենց երեխաներին 14-15 տարեկանից հանում են դպրոցից եւ ուղարկում խոպան: Մկրտչյանն արձագանքել է. նախարարությունը չի կարող ծնողներին ստիպել երեխաներին Ռուսաստան չտանել:

Նախարարության հետ կապված մյուս թեման, որը վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց, Սերժ Սարգսյանի լուսանկարները փակցնելու համար դպրոցներին հատկացված 15 մլն դրամն է: Նախարարին հարցրել են՝ որքանո՞վ է այդ ծախսը խելամիտ: Լեւոն Մկրտչյանը բացատրել է, ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նախագահի լուսանկարները, իսկ նախագահը պետության խորհրդանիշերից է:

Սամվել Բաբայանը շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ է բերել Հայաստան, նաեւ իր ծանոթներից մեկին դրդել ապօրինի կերպով «ԻԳԼԱ» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերել: Այս մասին հայտնել է Ազգային անվտանգության ծառայությունը: Ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ գործով կալանավորվածներից մեկը ներկայացրել է Հայթաղ գյուղում պահվող «ԻԳԼԱ» համալիրի եւս մեկ արձակման խողովակ՝ իր մարտական հրթիռով: Փորձաքննությամբ հաստատվել է, որ այն նույնպես պիտանի է գործածության համար եւ ռազմամթերք է հանդիսանում: Իսկ եվրո թղթադրամները Բաբայանը, ըստ ԱԱԾ-ի, ձեռք է բերել Ռուսաստանում բնակվող ծանոթից. հատուկ նյութով պատված թղթադրամները հանվել էին շրջանառությունից: Փորձնական նմուշները Հայաստանում կարողացել են քիմիական մշակմամբ մաքրել եւ որոշել են մեծ խմբաքանակ բերել՝ Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով, բայց ԱԱԾ-ի աշխատակիցները Երեւանում հայտնաբերել ու առգրավել են դրանք:

Վրացական կողմն այսօր վերջակետ է դրել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ խոսակցություններին: Վրաստանի վարչապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ տարանցիկ ուղիների բացման թեման չի քննարկվում: Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բանակցություններ են ընթանում միայն բեռնափոխադրումների մոնիթորինգի մասին 2011 թվականի համաձայնագրի իրականացման թեմայով եւ լրացուցիչ որեւէ նախապայմանի մասին խոսք չկա, որը Հայաստանին թույլ կտար Աբխազիայի առեւտրային միջանցքի բացման հույս ունենալ:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի տրանսպորտի նախարարը հույս էր հայտնել, որ Պրահայում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վերսկսված բանակցությունների արդյունքում, հնարավոր է, երկու երկրների միջեւ ապրանքների տեղաշարժն իրականացվի նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով։ Սա մեծ նշանակություն կունենար նաեւ Հայաստանի համար՝ այլընտրանք դառնալով Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին՝ Վերին Լարսին, որը տարվա մեծ մասը տարբեր պատճառներով անանցանելի է լինում:

Արցախի նախագահի ընտրության օրը նշանակվել է. Ազգային ժողովի պատգամավորները երկրի ղեկավարին կընտրեն հուլիսի 19-ին: Այդ պաշտոնին երկու թեկնածու է հավակնում՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Բակո Սահակյանին սատարում են Արցախի Ազգային ժողովի երեք խմբակցություններ՝ «Հայրենիք»-ը, «Ժողովրդավարություն»-ը եւ «Դաշնակցություն»-ը: Ակնկալվում է, որ հենց նա էլ կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը. 33 պատգամավորներից նրա օգտին պատրաստ է քվեարկել 28-ը, իսկ անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով այսօրվա նիստում ամբաստանյալներին ծափերով են դիմավորել. այսօր Արամ Մանուկյանի տարեդարձն էր: Իսկ նիստը, ինչպես միշտ, միջադեպերով է անցել. նիստի մեկնարկին դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա է կիրառել փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ: Պաշտպանը փորձել է միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատարանն արգելել է շարունակել խոսքը:  Սահակյանը բացատրություն է պահանջել, թե ո՞ր նորմի հիման վրա են իրեն արգելում միջնորդություն ներկայացնել: Դատավորը զայրույթից այնքան է շփոթվել, որ պաշտպանին «ամբաստանյալ» է անվանել ու պահանջել ենթարկվել իրեն:

Արդյունքում Արտուշ Գաբրիելյանը նորից հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Լուսինե Սահակյանի նկատմամբ կրկնակի սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու. վերադառնալուց հետո հայտարարել է, որ դիմելու է Փաստաբանների պալատ՝ Սահակյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դատարանի որոշումից հետո Լուսինե Սահակյանն ու մի խումբ այլ փաստաբաններ հեռացել են դահլիճից՝ հայտարարելով, որ չեն ցանկանում նիստին ներկա գտնվել առանց իրենց պաշտպանյալների: Դատարանը բոլորի նկատմամբ սանկցիա է կիրառել:

Նշենք, որ այսօրվա նիստին 18 ամբաստանյալներից ներկա էին միայն 3-ը՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանն ու Թաթուլ Թամրազյանը. մյուս 15-ը նախորդ նիստին հեռացվել էին դահլիճից: Ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանը, սակայն, հայտարարել է, որ չի ցանկանում նիստին ներկա գտնվել առանց ընկերների եւ ցանկություն է հայտնել հեռանալ դահլիճից:

Բորիս Նեմցովի սպանության համար մեղադրվող Զաուր Դադաեւը 20 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել: Վճիռն այսօր հրապարակել է Մոսկվայի շրջանային դատարանը: Ռուսաստանցի քաղաքական գործչի սպանության գործով մյուս մեղադրյալները ճաղերի հետեւում կանցկացնեն 11-20 տարի: Նրանցից յուրաքանչյուրը նաեւ 100 հազարական ռուբլու չափով տուգանք կվճարի: Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 28-ին Մոսկվայում՝ Կրեմլի հարեւանությամբ կամրջի վրա:

Բժշկական համալսարանի շրջանավարտը որոշել է բուհն ավարտելու օրն առավել հիշարժան դարձնել իր եւ սիրած աղջկա համար: Դիպլոմների հանձնման արարողության ժամանակ Տիգրան Գեւորգյանը ծնկի է եկել ու ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն՝ Լիլիթ Գրիգորյանին: Հենց այդ օրն ամուսնության առաջարկություն անելու որոշում Տիգրանը վերջին պահին է կայացրել: Ավելի ուշ ապագա սրտաբանը պատմել է, որ այնքան հուզված ու շփոթված էր, որ այդ պահին ոչինչ չէր տեսնում շուրջը եւ չէր մտածում այն մասին, որ հարյուրավոր հյուրեր իրեն են դիտում, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վանաձորի կենտրոնում այսօր արտասովոր հյուրեր էին շրջում. քաղաքի կենտրոնական հանրախանութի մոտ գտնվող ծաղկանոցը կովերի համար արոտավայր է դարձել: Քաղաքացիների ահազանգով քաղաքապետարանի աշխատակիցներն արագորեն ժամանել են ու անասուններին դուրս բերել ծաղկապատ տարածքից: Տերերին արդեն հայտնաբերել են: Ամենայն հավանականությամբ, նրանց նկատմամբ  վարչական տույժ կկիրառվի, նրանց նաեւ կհարկադրեն վերականգնել համայնքին պատճառված վնասը:

Հուլիսի 13-ին դոլարի փոխարժեքը կայուն է եղել, եվրոն շուրջ 3 դրամով էժանացել է: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 545, ռուբլունը՝ 8 դրամ, ֆունտինը՝ 618 դրամ:

Հուլիսի 14-ին հանրապետության շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես առանձին հատվածներում տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ