News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հուլիսի 13-ին, պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:

Պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարները, հանրային քննարկումներն իրականացնողները, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, քննարկմանը հրավիրված մի շարք բուհերի ուսանողներ եւ զորամասերի հրամանատարներ մտքեր են փոխանակել հանրային քննարկումների արդյունքների շուրջ, իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացրել: Զեկուցվել են նաեւ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում անցկացված այդ քննարկումների ժամանակ հանրության տարբեր շերտերից՝ մտավորականներից, ազատամարտիկներից, գործարարներից, լրատվամիջոցների ներկայացուցիչներից, երիտասարդներից, հասարակական կազմակերպություններից ստացված գնահատականները, դիտողություններն ու առաջարկները:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել քննարկման բոլոր մասնակիցներին եւ ընդգծել, որ ներկայացված ծրագրերն ու դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ հետեւողականորեն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման եւ ամրապնդման քաղաքականությունը:

«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, նախագահի համոզմամբ, կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները, որոնք նոր չեն ի հայտ եկել, սակայն նոր եւ տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հասարակության տարբեր շերտերից ստացված կարծիքներում եւ գնահատականներում գերակշռում է դրական մոտեցումը: Դրանց մասին են վկայում նաեւ հասարակական կարծիքի ուսումնասիրության նպատակով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի անցկացրած քննարկումները:

Հանդիպման ավարտին նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարներին, որոնք միտված են շարունակելու հնչեցված ծրագրերի հետ կապված աշխատանքները՝ հաշվի առնելով հանրային քննարկումների արդյունքները: Հանձնարարականների համաձայն, պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ կամփոփի անցկացված քննարկումների արդյունքները, ի մի կբերի ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները եւ կսկսի անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունների նախապատրաստման ու շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ դրանց համաձայնեցման ուղղությամբ աշխատանքները: Կրթության եւ գիտության նախարարությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ կմշակի կառավարության որոշման նախագիծ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի փորձնական փուլի կազմակերպման վերաբերյալ:

Նախագահն ընդգծել է, որ ոչ ոք չի պնդում, թե ներկայացված ծրագրերը կատարյալ են, եւ դրանցում բոլոր մանրուքները հաշվի են առնված, սակայն հանրային լայն քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունները, նրա համոզմամբ, ավելի կբարելավեն այդ ծրագրերը, իսկ գործնականում փորձարկելուց հետո հնարավոր կլինի խոսել վերջնական եզրակացության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ