News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսի ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությանն ու «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնին զեկույցը պատրաստելու համար՝ վարչապետը լավ ավանդույթ է համարել անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների եւ առաջ շարժվելու ճիշտ բանաձեւը գտնելու շուրջ նման հարթակներում քննարկումները:

Կարեն Կարապետյանը նշել է, որ 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է, եւ ներկայացվող զեկույցում անդրադարձ է արվում եւ´ ստեղծվող հնարավորություններին, եւ´ ռիսկերին: «Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, եւ մեզ համար շատ ակտուալ է հասկանալ եւ ձեւակերպել՝ ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա, եւ մենք այսօր ինչ պետք է անենք՝ նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու եւ առավել եւս դրա դրական արդյունքներից եւ հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար։ 

Ակնհայտ է, որ զարգացման հետեւանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, եւ տեխնոլոգիան փոխարինելու է շատերին իրենց աշխատատեղերում։ Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտների, ինչպիսին է, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլ նաեւ այլ ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական ինտելեկտը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ կամ նույնիսկ ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ տեխնոլոգիան կփոխարինի մարդուն։

Մենք ունենալու ենք նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու կարիք։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք, արդեն այսօրվանից սկսած, պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին՝ տեխնոլոգիաների ներմուծումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար: Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, եւ կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է նաեւ ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն՝ ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա. ստեղծի՛ր բազմազանություն, ընտրի՛ր եւ բազմացրո՛ւ։

Այս հեղափոխությունը ներկայացնում է հսկայական հնարավորություններ եւս։ Առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացումը մեզ հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներում», - ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է այս ուղղությամբ կառավարության ծրագրերին եւ անելիքներին. «Համապատասխան միջավայր ձեւավորելու դեպքում մենք կարող ենք հասնել մրցունակության, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը եւ էապես խթանել նոր տաղանդների բացահայտումը եւ նրանց ներկայությունը բոլորովին նոր շուկաներում եւ հարթակներում։ Սա պետք է մեզ հնարավորություն տա հասկանալու մեր տեղն ու դերը, ինչպես նաեւ հնարավոր օգուտները ձեւավորվող այս նոր իրականության մեջ։ Հարկ եմ համարում անդրադառնալ, թե ինչ քայլեր են այսօր կատարվում կամ նախատեսվում են կատարվել կառավարության կողմից զեկույցում բարձրացվող հարցերի համատեքստում՝

1. վերջերս ընդունված կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք նորարարության զարգացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակում, որը մեզ հնարավորություն կտա ունենալ հստակ եւ երկարաժամկետ ծրագիր՝ նորարարությունը եւ նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար,

2. մշակելու ենք հստակ մեխանիզմներ՝ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը խթանելու համար,

3. ներգրավելու ենք վերազգային առնվազն երկու կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձեւավորման նպատակով,

4. ինովացիոն էկոհամակարգի ձեւավորման տեսանկյունից ստեղծելու ենք նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավել ինովացիոն ենթակառուցվածքները եւ նպաստել գիտելիքների առեւտրայնացմանը,

5. խթանելու ենք գիտության եւ մասնավոր հատվածի համագործակցությունն ու գիտության առեւտրայնացումը։ Սա թերեւս ինովացիայի խթանման ամենադասական մեխանիզմներից է,

6. հստակ հասկանալով եւ գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պետության եւ մասնավոր հատվածի ռեսուրսների մոբիլիզացիա՝ կառավարության ծրագրով նախատեսել ենք պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել եւ զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր եւ իրականացնել հստակ ծրագրեր։ Պետք է ասեմ, որ այստեղ կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ՝ եւ´ Հայաստանից, եւ´ սփյուռքից, եւ´ օտարերկրյա գործընկերներ, ովքեր մեր կրթության մեջ կատարում են ներդրումներ եւ բերում են նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ եւ լուծումներ,

7. վերանայում ենք մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաեւ մշակում ենք կրթության զարգացման հայեցակարգը, որտեղ հատուկ ուշադրություն ենք դարձրել մի շարք հմտությունների զարգացման վրա, որոնց մեջ առկա են նաեւ զեկույցով նշված մետահմտությունները,

8. արդեն մի քանի աշխատանքային այցելություն է կազմակերպվել բլոկ-շղթա (blockchain) տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ՀՀ կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները,

9. վերջապես, ծրագրով հայտարարել ենք, որ մեզ համար առանձին գերակայություն է լինելու թվայնացումը։ Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության եւ մեր կյանքի տրանսֆորմացիայի համար, որտեղ կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության եւ թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Այս ամենը նաեւ ենթադրում է ֆինանսավորման ճիշտ, երբեմն նորարար մեխանիզմների ձեւակերպում եւ խելացի կիրառում: Կառավարությունը հստակ գիտակցում է սա, եւ այս կետին մենք առանձին անդրադառնալու ենք նշված ռազմավարությունների մշակման ժամանակ»:

Վարչապետը նշել է, որ զեկույցը լայնորեն օգտագործվելու է կառավարության օրակարգում գտնվող հարցերը քննարկելու եւ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ։ Կարեն Կարապետյանը հորդորել է գործարար եւ գիտական հանրությանը ծանոթանալ զեկույցին՝ ուշադրություն դարձնելով այնտեղ բարձրացված հարցադրումներին եւ զարգացման ուղղություններին: «Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք », - ասել է կառավարության ղեկավարը:

«Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցը» համակողմանի վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը եւ Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները: «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի խոսքով՝ այն նպատակ ունի նպաստել պետություն-մասնավոր հատված երկխոսությանը՝ մեր երկրի տնտեսության վերափոխման օրակարգը ձեւավորելու եւ տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց շարժվելու համար: Զեկույցը ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներով մի շարք նախաձեռնությունների առաջարկներ կրթության, խրախուսման մեխանիզմների, ենթակառուցվածքների եւ ֆինանսավորման ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ