Ֆրանսիայի հայ համայնքը ծրագրել է ակտիվ աշխատանք սկսել` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Այս մասին հուլիսի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ անդամ Մուրադ Փափազյանը:
Նրա խոսքով` ծրագրվում է նաեւ մեծացնել միջազգային գործիչների թիվը, որոնք միավորված են ղարաբաղյան խնդրի շուրջը: «Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը Բերձորի հետ (նախկին Լաչին - խմբ.) համաձայնագիր է ստորագրել: Սա նշանակում է, որ ֆրանսիական քաղաքը Բերձորը որպես հայկական քաղաք է ճանաչում: Եվ սա անչափ մեծ նշանակություն ունի: Անհրաժեշտ է այնպես անել, որ նման օրինակները հնարավորինս շատ լինեն»,- նշեց Փափազյանը:
Նա նշեց, որ շատ լուրջ կապեր ունի Հինգերորդ Հանրապետության ինչպես քաղաքական, այնպես էլ դիվանագիտական ու ղեկավար կառույցներում, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն կարող Ֆրանսիայի հանրությանը մոլորության մեջ գցել: «Ֆրանսիացիները հրաշալի հասկանում են, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում, եւ ինչ է իրենից ներկայացնում ալիեւյան ռեժիմը: Ալիեւի ռեժիմը, իմիջիայլոց, Ֆրանսիայում ժողովրդականություն չի վայելում: Բոլորը լավ են հասկանում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապերը չեն կարող երկրարաժամկետ լինել»,- ընդգծեց Մուրադ Փափազյանը` հավելելով, որ Ալիեւի եւ Էրդողանի վարած քաղաքականությունը հայկական կողմին ձեռնտու է, եւ նա պետք է այս հնարավորությունն օգտագործի` այս ամենից քաղելով իր համար առավելագույն օգուտները:
Ինչպես նշեց Համակարգող խորհրդի համանախագահը, Ազատության, Հավասարության եւ Եղբայրության հանրապետությունում հրաշալի տեղյակ են ղարաբաղյան խնդրին: Նրա հավաստիացմամբ` ֆրանսիացիներն իրազեկված են, որ Ադրբեջանը շահագրգռված չէ այս հակամարտության խաղաղ կարգավորմամբ, եւ որ հենց պաշտոնական Բաքուն է ցանկանում հարցն ուժային ճանապարհով լուծել: