News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իջեւանի բժշկական կենտրոնում մահացած նորածնի մայրը՝ 23-ամյա Էլինա Սաղոյանը, ծննդատուն էր ընդունվել հուլիսի 14-ի առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Արտավազդ Սաղոյանը։

«Առավոտ տարանք հիվանդանոց, բժիշկներն ասեցին մինչեւ 16:00-ն կծննդաբերի անպայման: 4-ն էլ անցավ, 5-ն էլ անցավ, ասին՝ էսա մի ժամից կծնվի: Արդեն ժամը 19:00-ին առաջին հարկի դռները փակեցին ու ժողովրդին հանեցին էնտեղից: Պարզվեց, որ երեխեն ծնվել ա, բայց արդեն մահացած է»: Հարցին, թե երեխան մահացա՞ծ է ծնվել, թե՞ ծնվելուց հետո է մահացել, Արտավազդ Սաղոյանը պատասխանեց. «Ծննդաբերության ժամանակ էնա սպանել են երեխուն»:

Աղջկա հոր խոսքով՝ հղիության 9 ամիսների ընթացքում 23-ամյա Էլինան  անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները եւ որեւէ խնդիր կամ բարդություն նրա մոտ բժիշկները չեն արձանագրել. «Ոչ մի խնդիր չի եղել, աղջկաս հղիության պատմությունը 100 տոկոսանոց մաքուր վիճակում է: Վերջին երկու րոպեում  երեխու սիրտը կանգնել է: Աղջկաս 14 ժամ չարչարել են, որ բնական ճանապարհով ազատեն, բայց կարող էին կեսարյան անել… Դեպքը եղել է ժամը 20:00-ին, բայց մենք դեպքի մասին իմացել ենք 22:00-ին: Ուզեցել են վերակենդանացնել երեխուն, բայց չեն կարողացել»:

Աղջկա հոր պատմելով՝ մինչ մանկաբարձներն ու մանկաբույժները զբաղված են եղել երեխային վերակենդանացնելու գործողություններով, վատացել է նաեւ աղջկա վիճակը եւ հազիվ են ուշքի բերել. «Երեխուն թողել են ու մորով զբաղվել, մորն են վերակենդանացրել»:

Բժիշկներն աղջկա հարազատներին հայտնել են, թե երեխայի մահվան պատճառը թոքերի փակված լինելն  է եղել, մինչդեռ հայրը հակադարձում է՝ մինչեւ թթվածին չտային, թոքը ոնց պետք է բացվեր. «Դատական բժիշկն ասեց, որ երեխայի թոքեր թթվածին չի մտել»:

Փոքրիկը ծնվել է 3.5 կգ քաշով: Երեխան զույգի առաջնեկն էր: Նրանք ամուսնացել էին 2 տարի առաջ:

Պապիկի խոսքով՝ այս ամենի միակ մեղավորը ծնունդն ընդունող Վանուհի անունով բժիշկն է: Աղջկա հոր խոսքով, պատասխանատվության պետք է ենթարկվեն հղիությունը վերահսկած բժիշկը, ծնունդն ընդունող բժշկուհին, ինչպես նաեւ ծննդատան գլխավոր բժիշկը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, հորդորելով սպասել քննության ավարտին:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ