News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Խոստացված տնտեսական աճը չի կատարվել, դրա համար կառավարություններ են փոխվել: Այս մասին, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ դրական գնահատելով Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության ընթացքը:

ՀՀ նախագահն անդրադառնալով առաջիկա տարիներին ավելի քան 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել է. «Ես կարծում եմ՝ կարեւորը միտումն է եւ այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կախատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք եւ շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաեւ նախորդ կառավարությունների խոստացած, բայց մասամբ իրականության դարձրած ցուցանիշների մասին: Հարցին, թե հանրային քննարկման հարթակներում եւ մամուլում կարծիքներ հնչեցին, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ Դուք, պարո՛ն նախագահ, նախագահական ընտրությունների ժամանակ ձեր տված խոստումները ամբողջությամբ չեք կատարել, խոսքը, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի մակարդակի, տնտեսակա աճի ցուցանիշների մասին է, որոնք խոստացվել եւ չեն իրականացվել, ո՞րն է երաշխիքը, որ  նաեւ կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն, Սերժ Սարգսյանն պատասխանել է. «Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որեւէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք Դուք լսել եք ուրիշներից, ինքներդ չեք ուսումնասիրել, զետեղված են Կառավարության՝ 2013թ.-ի ծրագրում, որը հաստատել է Ազգային ժողովը: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են: Այո՛, նվազագույն աշխատավարձի մասով չի կատարվել մինչեւ վերջ: Տնտեսական աճի մասով՝ մինչեւ վերջ: Այն ժամանակ կառավարությունը խոստացել էր եւ իմ հավանությանն էր արժանացել այն, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի: Այ  ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32.5 հազար դրամ, արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար էր: Այսինքն՝ չի կրկնապատկվել, 1.7 անգամ է աճել:  0.3 անգամ չենք  կատարել մեր ասածը: Ընդ որում, ասել ենք, որ Կառավարությունը նպատակադրում է»:


Հաղորդավարի դիտարկմանը, թե 6-7 տոկոս տնտեսական աճ էր խոստացվել, 3.5 է ստացվել, Սերժ Սարգսյանն արձագաքնել է. «Ո՛չ, խոստացվել է 5-ից 7 տոկոս, բայց եղել է 3 տոկոս: Դրա համար էլ կառավարություններ են նաեւ փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2 տոկոս ենք աճելու, աճեինք 3 տոկոս եւ ուսներս ծեծելով ասեինք՝ տեսեք, ավել արեցի՞նք: Հաջորդը, իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրություններից հետո, ոչ թե մինչեւ ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակարդում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմնի առջեւ: Ձեր դիրքերից ելնելով՝ ես ի՞նչ նշաձող պետք է դնեմ: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե պետք է նշաձող դնել, որին պետք է ձգտել հասնել: Ես այդպես եմ հարմար գտել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2 տոկոսը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ