News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հարություն Թորոսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նույն գործով կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝ տիկին Լալան: Նա նշեց, որ Հարությունը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, նրա շահերի պաշտպանը հունիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստում միջնորդություն է ներկայացրել այդ հիմքով պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, սակայն, դատավոր Աննա Դանիբեկյանը միջնորդության քննարկումը թողել է հաջորդ դատական նիստին:

«Թողեց, որ մի ամսից արձակուրդից հետ գա ու քննարկի մի միջնորդություն, որը վերաբերում է մարդու առողջական վիճակին: Հովհաննեսն ունի սրտի խնդիր, ստենդավորում է հարկավոր, բայց էդ վիճակում խցում է գտնվում եւ սպասում է, թե դատավորը երբ է հետ գալու արձակուրդից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

Տպել
Ամենաշատ