News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հրապարակել են տեսանյութ իրենց գրասենյակի վրա ապրիլի 27-ին տեղի ունեցած հարձակման դեպքի վայրից:

Այսօր՝ հուլիսի 18-ին, փաստաբանները հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են գրասենյակի մոտ գտնվող տեսախցիկի կադրերը, որոնցում երեւում է, թե ինչպես է Փաստաբանների պալատի պաշտոնյաներից մեկը նախ ուսումնասիրում տարածքը, ապա վերադառնում 3 այլ պաշտոնյաների հետ եւ 1 րոպե 54 վայրկյան հետո հեռանում:

«Մի շարք հետաքրքիր փաստեր կան՝ ինչպես է հարձակվողներից մեկը նախապես ուսումնասիրում տարածքը և ինչպես են իբր մարմնական վնասվածք ստացած անձինք հանգիստ ու առողջ քայլելով հեռանում: Այս տեսանյութով ամբողջությամբ հերքվում են հարձակվողների ցուցմունքները, իսկ ինձ և Արմեն Սողոմոնյանին առաջադրված մեղադրանքը դառնում է ակնհայտ ապօրինություն»,- նշեց Տիգրան Աթանեսյանը:

Աթանեսյանի եւ Սողոմոնյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանն էլ ընդգծեց, որ այս տեսանյութն առգրավվել է նաեւ նախաքննական մարմնի կողմից, սակայն այսքանից հետո մեղադրանք է առաջադրվում իր պաշտպանյալներին: Փաստաբանների պաշտպաններից Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ իրենք այլ ապացույցներ էլ ունեն, սակայն առայժմ բավարարվում են այս տեսանյութի հրապարակմամբ:

«Ըստ դատաբժշկի՝ Սիմոն Բաբայանը ստացել է ձախ այտի վնասվածք, բայց դեպքից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները նրանից հետաքրքրվում են, թե որտեղ է նրա վնասվածքը, նա պատասխանում է, որ անտեսանելի վայրում: Այժմ տեսանյութից էլ դուք տեսնում եք՝ կա՞ այդ վնասվածքը, թե՞ ոչ»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբան Արմեն Սողոմոնյանն էլ լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սիմոն Բաբայանն ակնոցով է:

«Ակնոցը հանել ենք, խփել, հետո դրե՞լ նորից աչքերին»,- հեգնեց փաստաբանը, որը հարձակման հետեւանքով վնասվածքներ է ստացել:

Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ ապրիլի 27-ին ինքն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Աթանեսյանն ու նրա ընկերները հարձակման պատասխանատու համարում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին եւ Արմեն Սողոմոնյանին, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանին ու Վրեժ Խաչիկյանին, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին, Արսեն Հարությունյանին:

Տպել
Ամենաշատ