News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսահայերի համար պատմական իրադարձություն է Լիոն քաղաքի՝ ազգությամբ հայ քաղաքապետի ընտրությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը:

«Ֆրանսահայերի համար մեծ պատիվ եւ ուրախություն է, որ Լիոնի քաղաքապետ է ընտրվել Գեւորգ (Ժորժ) Քեփենեկյանը:  Ներքին ընտրությամբ է նա նշանակվել այդ պաշտոնում,  որպես մարդ շատ գնահատված է Լիոնում, բոլորը հարգում են նրան՝ լայնախոհ, մարդասեր եւ հայրենասեր մարդ է»,-ասաց նա:

Հիլդա Չոբոյանը նաեւ նշեց, որ Գեւորգ Քեփենեկյանը երիտասարդ տարիքից ընդգրկված է եղել Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի գործունեության մեջ. «Մոտավորապես 40 տարի միասին աշխատել ենք, բացի այդ նա մեծ դեր ունի  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացման, ճանաչման  հարցում: Նրա ծնողները ցեղասպանություն վերապրած մարդիկ են եւ հենց այդ հանգամանքն է, որ մեծ ազդեցություն է ունեցել ու այժմ նա ամեն ինչ անում է այս ուղղությամբ»:

Գեւորգ Քեփեկյանը մասնագիտությամբ վիրաբույժ է եւ Հիլդա չոբոյանի խոսքով, Լիոնում նրան ավելի շատ ճանաչում են որպես պրոֆեսիոնալ, լավ բժշկի. «Լիոնում բոլորը նրան առաջին հերթին որպես լավ բժշկի են ճանաչում: Բացի այդ Արցախի պատվո քաղաքացու կոչում ունի, քանի որ առաջիններից է եղել, որ Արցախին օգնելու քայլեր է նախաձեռնել, նաեւ որպես բժիշկ հաճախ է Արցախ այցելել եւ օգնություն ցուցաբերել մարդկանց, բժիշկների վերապատրաստման հարցում օգնել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ է նշանակվել ազգությամբ հայ Գեւորգ Քեփենեկյանը, նա այդ պաշտոնում կփոխարինի Ֆրանսիայի ներկայի ներքին գործնախարար Ժերար Կոլոմբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ