Ներդրողների ակումբի առաջին նախագծերին կարելի է սպասել աշնանը: Այս մասին հուլիսի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը՝ մեկնաբանելով կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Նրա խոսքով՝ ներդրումներ կարելի է ակնկալել վերականգնվող էներգետիկայի, հատկապես արեւային էներգիայի ոլորտում: Այստեղ մեծ պոտենցիալ կա, այդ թվում՝ հարեւան երկրներ արտահանելու համար: «Հնարավոր է՝ ներդրումներ ակնկալել նաեւ այլ ոլորտներում, ըստ որում՝ բավականին խոշոր»,- հավաստիացրեց Ազիզյանը: Ի պատասխան մանրամասներ հրապարակելու խնդրանքին, նա խնդրեց աշանանը սպասել:
Նշենք, որ 2017-ի մարտի վերջին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր Ներդրողների ակումբ ստեղծելու մասին: Հայտարարությունը կատարվել էր հայ համայնքի մի քանի տասնյակ խոշոր ձեռնարկատերերի ներկայությամբ, որոնց գերակշիռ մասը Ռուսաստանում է բնակվում: