News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները եւ նախարարի այցը դիտում որպես այդ հարաբերությունների առաջմղման կարեւոր խթան: Նշելով, որ Հայաստանը թանկ է գնահատում երկու բարեկամ պետությունների միջեւ դեռեւս Էմիրաթների լուսահոգի նախագահ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի կենդանության օրոք ձեւավորված փոխգործակցությունը, Հանրապետության նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները օր օրի զարգանում եւ ամրապնդվում են:

Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ընթացիկ տարվա գարնանը իր այցը Արաբական Միացյալ Էմիրություններ, որը որակական նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին։ Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի այցը Հայաստան հայ-էմիրաթական համագործակցության օրակարգը կհարստացնի նոր բովանդակությամբ:

Շնորհակալություն հայտնելով Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար՝ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարը նրան փոխանցել է իր երկրի ղեկավարության ջերմ ողջույնները եւ բարեմաղթանքները: Նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերություններին կարելի է ավելի մեծ տեմպ հաղորդել, քանի որ կա երկու երկրների բարձր ղեկավարության քաղաքական կամքը եւ այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու համար ձեւավորված ամուր հիմք:

ԱՄԷ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին՝ Աբու Դաբի էմիրության թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ԱՄԷ-ում բնակության իրավունք ունեցողներին դյուրացված կարգով ՀՀ մուտքի արտոնագրեր տալու, ապա նաեւ ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու որոշման համար, որը, ըստ նրա, մեծ եւ կարեւոր քայլ էր երկու երկրների համար:

Նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը նշել է, որ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ էներգետիկայի, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում երկուստեք զգալի աշխատանք կա իրականացնելու փոխգործակցության առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար եւ պատրաստ է իր հայ գործընկերոջ հետ միասին ջանքերը կենտրոնացնելու այդ ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ