News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բյուրականի աստղադիտարանն առաջարկում է որոշակի փոփոխություններ կատարել Վիկտոր Համբարձումյանի անվան աստղագիտության միջազգային մրցանակի շնորհման կարգի մեջ: Այս մասին հուլիսի 19-ին՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով՝ միջազգային մրցանակներ կան (օրինակ՝ Բալզանի մրցանակը), որի հաղթողը ոչ միայն ուղղակի մրցանակի գումարն է ստանում եւ իր հայեցողությամբ ծախսում, այլ այն ուղղում է իր ղեկավարությամբ գիտական նախագծերի իրականացմանը: Արեգ Միքայելյանն առաջարկում է այս ճանապարհով գնալ եւ մրցանակի շնորհման կարգում փոփոխություններ կատարել, որոնց համաձայն՝ գումարի կեսը (500 հազար դոլարից 250 հազարը) կուղղվի հայ գիտնականների, այդ թվում՝ երիտասարդ, պարտադիր մասնակցությամբ գիտական նախագծերի իրականացմանը: Մասնավորապես՝ այս փողով ծրագրվում է ֆինանսավորել հայ գիտնականների արտասահմանյան ուղեւորությունները, ինչպես նաեւ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրել:

Արեգ Միքայելյանը հիշեցրեց, որ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը շնորհվում է 2 տարին մեկ, կենտ տարեթվին այն հայտարարվում է, իսկ զույգ տարեթվին տեղի է ունենում մրցանակի շնորհման արարողությունը: 2016 թվականին մրցանակը ոչ մեկը չի ստացել, սակայն, ինչպես նշեց Արեգ Միքայելյանը, ոչ թե դրամի բացակայության, այլ այն պատճառով, որ հանձնաժողովը ոչ մի թեկնածուի արժանի չի համարել:

Տնօրենը լրագրողներին հայտնեց, որ մրցանակի շնորհման կարգում փոփոխությունների նախագիծը հուլիսի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացվել  Բյուրականի աստղադիտարան նրա այցելության ընթացքում: Նախագահը խոստացել է այս առաջարկը քննարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ