News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բակո Սահակյանը դուրս է գալիս ժողովրդի դեմ: Այս մասին Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում իր ելույթում նշել է ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Երբ 2016թ. ընթանում էին քննարկումներ սահմանադրության փոփոխությունների շուրջ եւ քննարկվում էր խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները միաժամանակ անցկացնելու գաղափարը, կային երկու տարբերակներ՝ լուծարել 6-րդ գումարման ԱԺ եւ 2017թ. հուլիսին անցկացնել նախագահական եւ ԱԺ համատեղ ընտրություններ, կամ էլ 2017թ. մինչեւ 2020թ. ունենալ անցումային շրջան՝ խորհրդարանի կողմից ընտրվող նախագահով: Խորհրդարանական կառավարող ուժերը դեմ եղան 6-րդ գումարման ԱԺ լուծարելուն, սակայն այսօր Բակո Սահակյանին 3-րդ անգամ առաջադրելով նախագահի պաշտոնում՝ կազմալուծում են ոչ միայն խորհրդարանի գաղափարը, այլեւ քաղաքական դաշտն ամբողջությամբ:

Կան սկզբունքներ, որոնց անտեսումը բերում է պետության թուլացման, հանրության մեջ արդարության պակասի, դրանով իսկ՝ ազգային հզորության կրճատման: Բակո Սահակյանն առաջինն Արցախի պատմության մեջ անտեսում է քաղաքական դաշտի կարեւորագույն սկզբունքը՝ հեռանալ սահմանված ժամկետում: Առաջադրվելով երրորդ անգամ՝ Սահակյանը ոչ միայն արհամարհում է ժողովրդավարական կարեւորագույն սկզբունքները, սահմանադրական նորմերը, այլ դուրս է գալիս ժողովրդի դեմ:

Աթոռին կառչած մնալու ցանկություն միգուցե շատերն են ունենում, սակայն տարբեր հասարակություններում առկա մեխանիզմները թույլ չեն տալիս իշխանության հասած անձին չարաշահել իր իշխանությունը, փորձել այն դարձնել ցմահ: Բակո Սահակյանի կողմից երրորդ անգամ նախագահական ժամկետի գնալը ցույց է տալիս, որ Արցախում չկա հակակշիռների մեխանիզմ. ոչ քաղաքական ուժերը, ոչ Ազգային ժողովը, ոչ հանրությունն ի վիճակի չեն կանխել ցմահ իշխանության մնալու ձգտումները: Ավելին, տարիներ շարունակ տեղի է ունեցել այդ հակակշիռների ոչնչացում, տարիներ շարունակ գիտակցված կերպով կառավարող վերնախավը ոչնչացրել է անկախ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, ամենակոպիտ միջամտություններով ոչնչացրել կրթական համակարգը, որպեսզի գործ ունենա անզոր ու թույլ հասարակության հետ՝ տարատեսակ սահմանադրական փոփոխություններ նրա գլխին փաթաթելու համար: Տարիներ շարունակ կառավարող վերնախավը ոչնչացրել է տեղական իշխանությունների ինքնուրույնությունը՝ նրանց դարձնելով պետական դոտացիաների շնորհիվ աշխատավարձ ստացող անձանց ամբողջություն: Տարիներ շարունակ տեղի է ունեցել իշխանության եւ ռեսուրսների անօրինակ կենտրոնացում, ինչը բերել է այսօրվա ողբերգական վիճակին, երբ մի մարդ իրեն համարում է անփոխարինելի եւ որոշում է մնալ իշխանության՝ անկախ սահմանադրությունից, ձեւավորված քաղաքական ավանդույթներից, հասարակության ցանկությունից:

Այսօր ոչնչանում է Արցախի քաղաքական համակարգը եւ մեր քաղաքական մշակույթ է ներմուծվում մի նորություն, որ հատուկ է միջինասիական երկրներին, աֆրիկյան թերզարգացած հասարակություններին, Ադրբեջանին, բայց ոչ երբեք մեզ: Արցախում, նույնիսկ մելիքների կառավարման շրջանում, եղել են խաղի հստակ կանոններ եւ մելիքների ընտրության ձեւեր: Դրանց խախտումները բերել են Արցախի համար ողբերգական իրադարձությունների:

Ես դիմում եմ համագործակցության հուշագիր ստորագրած քաղաքական ուժերին: Այս պահին դուք սուբյեկտ եք եւ մեծ ազդեցություն ունեք որոշումների կայացման վրա: Սակայն ընտրելով Բակո Սահակյանին՝ դուք զրկվելու եք որոշումների վրա որեւէ ազդեցություն ունենալու հնարավորությունից, ընդհուպ ձեր նախընտրական կուսակցական ցուցակը ձեւավորելու հնարավորությունից: Սա չար գուշակություն չէ, սա ընդամենը քաղաքական տրամաբանություն է: Երբ իշխանությունը ձերն է ու դուք այն զիջում եք ուրիշին՝ ուրիշն է ձեր փոխարեն որոշումներ կայացնում:

Ինչպես հիշում եք դեռեւս 2016թ. սկզբներին ես անընդհատ նշում էի, որ սահմանադրության փոփոխությունները տեղի են ունենում մեկ անձի իշխանության վերարտադրության համար: Այդ ժամանակ շատերդ հրապարակային ինձ հակադարձում էիք, ասելով, որ դեռ 2017թ. հուլիսից շատ ժամանակ կա ու չենք կարող ասել ով կառաջադրվի նախագահի պաշտոնում:

Հիմա 2017թ. հուլիսն է եւ իմ ասածներն իրականանում են: Ոչ թե նրա համար, որ ես ավելի տեղյակ էի, քան դուք, այլ զուտ նրա համար, որ ես հանրության հետ ազնիվ էի, իսկ դուք ոչ: Դուք, եւ հատկապես սահմանդրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հանրությանը վստահեցրիք, որ սահմանդրությունը փոխվում է ոչ թե Բակո Սահակյանի համար, այլ Արցախ անվան վերականգման համար, այնինչ Արցախ անունը կար նաեւ նախորդ սահմանադրության մեջ: Հանրության հետ նման կերպ վարվելը պատիվ չի բերում ոչ մեկին, ավելին, սա մեծացնում է հանրության անվստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, բերում հիասթափության եւ ապատիայի հանրային կյանքին մասնակցելու տեսանկյունից:

Այժմ ես ոլորտ առ ոլորտ անդրադարձ կանեմ՝ հիմնավորելով թե ինչու՞ չընտրել Բակո Սահակյանին:

Արտաքին քաղաքականության ոլորտ: Նախագահականն էական քայլեր չի կատարել Արցախի սուբեյկտայնության բարձրացման եւ գործոն դառնալու ուղղությամբ: Ավելին, այդ սուբեյկտայնությունն ավելի է պակասել: Առավելագույնը եղել են հայտարարություններ, թե Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, սակայն այս ուղղության պրակտիկ քայլեր չեն եղել, վախեցել են ցանկացած նախաձեռնությունից, որը այս կամ այն չափով կբարձրացներ Ստեփանակերտի դիրքը: Ավելին, նախագահականը մշտապես արդարացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, այն համարելով բիզնես եւ գտնելով որ դա ուղղված չէ Արցախի դեմ: Նման վերբերմունքն էլ ավելի է ոգեւորել Ռուսաստանին վաճառել գերարդիական սպառազինություն Բաքվին:

Տնտեսություն: Անընդհատ շեշտվում է, որ այս տարիներ շարունակ 8-9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել: Էներգետիկ առումով դարձել ենք ինքնաբավ: Իհարկե, վերջինը գովելի եւ գնահատելի է, այստեղ ես պետք է առանձնացնեմ վարչապետ Արայիկ Հարությունյանի դերը, որպես էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները մեծացնելու նախաձեռնության հեղինակ եւ իրագործող: Սակայն Արցախը մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցիչով նախկին խորհրդային երկրների մեջ վերջին տեղում է: Այդ դեպքում ինչու՞ չէ տնտեսական աճը բերել ազգային հարստության էական ավելացման: Որովհետեւ, երբ 2009թ. ճգնաժամ էր ու Հայաստանում աննախադեպ տնտեսական անկում, ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ կրճատելու են ամեն ինչ, բացի Արցախի տրվող միջպետական վարկից: Ավելին, այն ավելացրել են: Դրա շնորհիվ աշխատավարձ ու թոշակ բաժանելով ազգային հարստություն չի ստեղծվում: Իսկ սխալ տնտեսական կառավարումը բերել է ռեսուրսների անօրինակ կենտրոնացման, ինչի հետեւանքով, ասենք, երկրի հարկերի մի զգալի հատված կարող է առաջանալ Դրմբոն գյուղի տարածքում, սակայն գյուղը մինչեւ հիմա կարող է խմելու ջրի խնդիր ունենա:

Քաղաքական համակարգի խնդիրների մասին արդեն խոսել եմ: Պետք է նկատել, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը սերմանվում է նախագահականի կողմից, նախագահի կողմից վերահսկվող Հանրային հեռուստատեսությունը փակ է պահվում պաշտոնական տեսակետից տարբերվող կարծիքների համար: Կարծում եմ, Բակո Սահակյանի նախագահության երրորդ ժամկետում այս միտումները շարունակվելու են եւ ավելի են սաստկանալու:

Բակո Սահակյանի նախագահության տարիներին ամենածանր հարվածը ստացել է կրթության համակարգը: Նախագահականի կողմից համալսարանների կյանքի միջամտությունը, տարբեր ռեկտորներ պարտադրելը, ինչպես նաեւ համալսարանական կյանքը տոտալ հսկողության տակ պահելը բերել է մի վիճակի, երբ համալսարաններից դուրս են գալիս ոչ թե մասնագետներ, այլ դիպլոմ ունեցող անձինք, ովքեր հետագայում նոր ռեսուրսներ եւ ժամանակ են ծախսում մասնագիտանալու համար: Այս ամենը բերել է նաեւ դպրոցների թուլացմանը: Արդյունքում, մի շարք կենսական առարկաների գծով Արցախում ունենք մասնագետների, ուսուցիչների խրոնիկ պակաս:

Քվեարկելով Բակո Սահակյանի օգտին՝ դուք կողմ եք քվեարկում ցածր կրթությանը, անդեմ արտաքին քաղաքականությանը, կարեւոր հարցերի շուրջ որոշումներ կայացնելու անընդունակությանը, քաղաքական անհանդուրժողականությանը եւ արտահայտվելու արգելանքներին:

Ես քվեաթերթիկում ջնջելու եմ Բակո Սահակյանի անունը՝թողնելով Էդուարդ Աղաբեկյանի անունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ