News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի զինված ուժերի Արարատի գնդում ականի պայթյունի հետեւանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: 29-ամյա Արթուր Զախարյանը զորամասի տարածքում շեղվել է մարտական երթուղուց եւ ականի պայթյունի հետեւանքով բեկորային վնասվածք ստացել ոտքի սրունքի հատվածում: Հիվանդանոց տեղափոխված Զախարյանին վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վնասված ոտքը կկարողանան պահպանել:

Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում Բակո Սահակյանին վերընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում: Նիստին ներկա 32 պատգամավորներից նրա օգտին քվեարկել է 28 պատգամավոր, 4 ձայն էլ ստացել է մյուս թեկնածուն՝ «Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը: Բակո Սահակյանն Արցախի անցումային ժամանակաշրջանի նախագահն է լինելու 2017-2020 թվականներին՝ մինչեւ խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը: Նոր Սահմանադրությամբ՝ դրանից հետո նախագահի համապետական ընտրություններ կանցկացվեն ու Արցախը կանցնի նախագահական կառավարման մոդելի:

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Իր աշխատասենյակում դանակահարել են «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանին: Նրան ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել: 70-ամյա Պողոսյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել դեմքի, գլխի եւ վերին վերջույթների շրջանում: Բժիշկների տեղեկացմամբ՝ նրա մոտ առատ արյունահոսություն է եղել,ինչի հետեւանքով կրկնակի ծանր ինֆարկտ է զարգացել: Տուժածի վիճակը մասնագետները ծայրահեղ ծանր են գնահատում:

Հոգեբանին դանակահարելու կասկածանքով 34-ամյա տղամարդու են բերման ենթարկել, իսկ հետո ստորագրությամբ ազատ արձակել՝ մինչեւ դատաբժշկական փորձաքննության ավարտը: Նախնական տեղեկություններով՝ հարձակվողը հոգեկան խնդիրներ ունի:

Վայոց ձորի մարզում ողբերգական պատահարի հետեւանքով 4-ամյա տղա է մահացել: Երեխան Արենի գյուղի մոտ Արփա գետում խեղդվել է: Փոքրիկը ծնողների հետ հանգստանալու էր գնացել Արենի: Խեղդված երեխան Արարատի մարզի Լուսառատ գյուղից էր: Ընտանիքն այսօր մեկնել էր Արենի՝ Արփա գետի մոտ խնջույքի: Այդ ժամանակ էլ տղան գետն է մտել ու խեղդվել:

Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են: Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր շուկայի տարածք էին եկել հատուկ տեխնիկայով: Առեւտրով զբաղվողները փորձել են խոչընդոտել քանդման աշխատանքներին, ինչի հետեւանքով ոստիկանների հետ քաշքշուկ է տեղի ունեցել: Բողոքը, սակայն, արդյունք չի տվել, եւ առեւտրականները ստիպված են եղել փակել տաղավարները: Պնդում են, որ քաղաքապետարանը իրենց այլընտրանքային տարբերակ չի առաջարկել, իրենք գոնե մինչեւ տարեվերջ ժամանակ են խնդրում: Ֆիրդուսի բնակիչները մտավախություն ունեն, որ սա միայն սկիզբն է: Տոնավաճառը կքանդեն, իսկ հետո նաեւ իրենց կհանեն տներից:

Ֆիրդուսի բնակիչներն ասում են՝ շուրջ երկու ամիս առաջ նամակ են գրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց մինչեւ հիմա պատասխան չեն ստացել: Երեկ էլ նամակ են ուղարկել նախագահի աշխատակազմին: Այսօր բնակիչներից մի քանիսը նախագահական նստավայր են գնացել՝ խնդրելու, որ հնարավորինս շուտ ուսումնասիրեն: Նախագահի աշխատակազմի աշխատակիցը խոստացել է շտապ արձագանքել ֆիրդուսցիների նամակին: Իսկ շուկայի աշխատակիցները հայտարարում են. եթե իրենց խնդրին լուծում չտան, ցույցերի են դուրս գալու:

Դոլարի անկումը վերջապես կանգ է առել, իսկ եվրոն երկարատեւ վերելքից հետո էժանացել է: Դոլարի փոխարժեքը հուլիսի 19-ին կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 551, ռուբլունը՝ 8 դրամ 10 լումա, ֆունտինը՝ 623 դրամ:

Հուլիսի 20-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +39+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ