News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե ես որոշում կայացնող լինեի, կաշխատեի նաեւ կրոնական գործիչներ չներառել թղթադրամների վրա, քանի որ կարծում եմ, որ քրիստոնեության փիլիսոփայությանն անհարիր է, որ դրամի վրա պատկերված լինի որեւիցե սուրբ կամ հոգեւոր կերպար: Այս մասին հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով երրորդ սերնդի թղթադրամների թողարկմանը:

Նրա խոսքով, հասկանալի է, որ ժամանակ առ ժամանակ երկրները փոխում են իրենց դրամը, որպեսզի ավելի բարձրացնեն պաշտպանվածության աստիճանը. «Այդ փոփոխությունների ժամանակ երբեմն փոխվում են նաեւ պատկերները, օրինակ՝ հասարակական հնչեղություն է ստանում գենդերային ծրագիրը, եւ որոշ երկրներում քննարկում են թղթադրամների վրա կին գործիչների թիվն ավելացնելու հարցը, կամ, ասենք, որոշակի ժամանակաշրջան է փոխվում, մարդկանց մոտ սոցիալ-քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, արժեհամակարգի վերագնահատում է լինում, եւ տվյալ ժամանակաշրջանին ավելի հարիր սիմվոլներ ու կերպարներ են առաջ գալիս»:

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ բոլոր դեպքերում դրա պատասխանատուն եւ վերջնական որոշում կայացնողը Կենտրոնական բանկն է, բայց այդ հարցերը քննարկվում են հասարակության մեջ, առանց հասարակական քննարկումների սովորաբար այդ հարցերը չեն լուծվում, էնպես չի, որ Անգլիայում առավոտյան զարթնեն ու տեսնեն՝ Շեքսպիրի փոխարեն Չերչիլն է:

«Մեզ մոտ նման քննարկումներ չեն եղել, Հանրային խորհրդին էլ ոչ ոք չի առաջարկել հարցը քննարկել, եւ ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկը կարող էր դիմել մեզ եւ Հանրային խորհրդի կարծիքն էլ իմանար:

Ինչ վերաբերում է գործիչների փոփոխություններին, ապա կարծում եմ՝ պետք է որոշակի սկզբունքներ լինեն: Օրինակ՝ պետական գործիչներ պե՞տք է լինեն, թե ոչ, կրոնական գործիչներ պե՞տք է լինեն, թե ոչ, միգուցե միայն գիտության եւ մշակույթի՞ գործիչներ պետք է լինեն, եւ այլն: Եթե չկան որոշակի սկզբունքներ, ստացվում է, որ ամեն մեկը կարող է իր ուզած գործչին ներկայացնել»,-ընդգծել է Հանրային խորհրդի նախագահը:

«Ես կարող եմ իմ սուբյեկտիվ կարծիքն ասել. մեծ հարգանքով եմ վերաբերվում Պարույր Սեւակին, բայց ինձ համար Թումանյանն ու Չարենցը համեմատելի չեն Սեւակի հետ: Թումանյանն ու Չարենցը ազդել են սերունդների դաստիարակության եւ մտածողության վրա, եւ ես կարծում եմ, որ նման անհատներ պետք է ընտրեին: Եթե ես որոշում կայացնող լինեի, կաշխատեի նաեւ կրոնական գործիչներ չներառել, քանի որ կարծում եմ, որ քրիստոնեության փիլիսոփայությանն անհարիր է, որ դրամի վրա պատկերված լինի որեւիցե սուրբ կամ հոգեւոր կերպար:

Կամ այն մարդկանց, որոնք մեծ անուն ունեն, բայց Հայաստանում չեն գործել (Այվազովսկի, Սարոյան), ցանկալի կլիներ չպատկերել, որովհետեւ եթե մեր նպատակն է, որ արտասահմանում ընկալվի դա, ապա շատ ավելի հայտնի մարդկանց նկար կարելի էր դնել, բայց նպատակը կարծես թե ավելի շատ ուղղված է դեպի ներս, որպեսզի ներսի մարդիկ ավելի շատ գնահատեն իրենց պատմությունն ու մշակույթը»,-նշել է նա ու կատակով հավելել. «Վերջիվերջո, կարեւորը թղթադրամի վրայի պատկերը չէ, կարեւորը՝ թղթադրամը շատ լինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԲ-ն սկսել է երրորդ սերնդի թղթադրամների թողարկումը: Մասնավորապես, 1000 դրամանոցի վրա Եղիշե չարենցի փոխարեն լինելու է Պարույր Սեւակի պատկերը, 2000 դրամանոցի վրա Տիգրան Պետրոսյանը, 5000 դրամանոցի վրա Հովհաննես Թումանյանի փոխարեն Վիլյամ Սարոյանը, 10 000 դրամանոցի վրա՝ Ավետիք Իսահակյանի փոխարեն Կոմիտասը, 20 000 դրամանոցի վրա՝ Մարտիրոս Սարյանի փոխարեն Հովհաննես Այվազովսկին, 50 000 դրամանոցի վրա՝ Գրիգոր Լուսավորիչը:

Ըստ ԿԲ-ի, 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ:

Տպել
Ամենաշատ