Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 20-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով փաստաբանները հրաժարվումե ն զննության ժամանակ բացել իրենց պայուսակները: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ փաստաբաններից Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանն ու Նինա Կարապետյանցը, երբ ցանկացել են մտնել դատարանի շենք, նրանց պայուսակների զննության ժամանակ մետաղաորսիչը ազդանշան է արձակել, սակայն, փաստաբանները հրաժարվել են բացել պայուսակները, որից հետո դուրս են եկել դատարանի շենքից:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ըստ մեղադրական եզրակացության, հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:
2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:
Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը: