News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, դառնում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի ու համալսարանին կից գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանի հանդիպման ժամանակ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել «Ամբերդ»-ի եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական կառավարման արդի փուլում ավելի է մեծացել Ազգային ժողովի պատասխանատվությունը մեր երկրի տնտեսական զարգացման հարցում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարեւորելով կողմերի միջեւ գործակցությունը, նշել է, որ հետայսու «Ամբերդ» կենտրոնի հետազոտողները կլինեն հանձնաժողովի փորձագետ-խորհրդատուները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ու ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին՝ ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանն արժեւորել է փոխադարձ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն իր նպաստը կբերի տնտեսական հարցերով օրենքների մշակման եւ ընդունման գործընթացում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, խոսելով իբրեւ տնտեսագետ եւ նույն համալսարանի դասախոս, հույս է հայտնել, որ համագործակցությունը լայն հնարավորություն է ընձեռելու առավել ընդգրկուն աշխատանքների իրականացման համար:

Ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, դառնում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր:

Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Աթոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Տպել
Ամենաշատ