News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն փաստաբանները, որոնք աղմկում են, որ իրենց խուզարկում են, ճիշտ չեն ասում։ NEWS.am–ի հետ զրույցում այս մասին ասաց Դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլադյանը, որը դատարանում հետեւում էր «Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի գործերով նիստերին։ Նշենք, որ երեկ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին չկարողացան ներկայանալ պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը եւ Նինա Կարապետյանցը, քանի որ կարգադրիչներին թույլ չտվեցին իրենց պայուսակները խուզարկել։ Այսօր Ժիրայր Սեֆիլյանի  գործով դատական նիստին նման խնդիր չծագեց։ Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը պնդեց, որ պայուսակում համակարգիչ է, եւ առանց պարունակությունը ցույց տալու ներս մտավ։ Դատական դեպարտամենտի ղեկավարից փորձեցինք պարզել՝ արդյոք սա չի վկայում կարգադրիչների կամայական  եւ խտրական մոտեցման մասին։

Պարոն Փոլադյան, փաստաբանների եւ կարգադրիչների միջեւ պայուսակները զննելու հետ կապված խնդիրը դեռ չի հարթվել։ Դատական կարգադրիչները պահանջում են  բացել եւ ցույց տալ պայուսակի պարունակությունը, ինչին փաստաբանները ընդդիմանում են՝ համարելով անօրինական պահանջ։ Այդ խնդրի պատճառով փաստաբանները չեն  կարողանում ներկայանալ նիստին, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը։

Ասել եմ ու նորից ասում եմ՝ որեւէ դատական կարգադրիչի չի  հետաքրքրում՝ ինչ կա փաստաբանների պայուսակներում, գրպաններում։ Մենք իրավունք ունենք զննության ենթարկել դատարան մուտք գործող անձանց եւ նրանց իրերը։ Մեր լիազորությունը նախատեսված է դատական օրենսգրքով։

Փաստաբանները անօրինական ասելով՝ նկատի ունեն ոչ թե զննությունը, այլ խուզարկելը..

Մենք չենք խուզարկել, մենք չենք բացում պայուսակները, պարզապես առաջարկում ենք բոլորին իրենց հետ դատարան չբերել այն իրերը, որոնք զննության ենթարկող սարքին հնարավորություն են տալիս ազդանշան անելու։

Փաստաբանները պնդում են, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում իրենց նկատմամբ, ինչը շարունակվում է։ Փաստորեն, այդ կապակցությամբ բարձրացված աղմուկից հետեւություն չեք արել։ 

Որեւէ հետեւություն չկար անելու նրանց բարձրացրած աղմուկից, որովհետեւ այն փաստաբանները, որոնք աղմկում են, որ իրենց խուզարկում են, ճիշտ չեն ասում։ Դա զննություն է, արտաքին դիտում, խուզարկություն չէ։ Խուզարկությունը միջամտություն է պայուսակին ու իրերին, ինչը մենք երբեւէ չենք անում։ Սա զննություն է, որը պարտավոր ենք իրականացնել անկախ նրանից՝ փաստաբանները ուզում են, թե ոչ։

Պարոն Փոլադյան, կարծիքներ կան, որ փաստաբանների նկատմամբ  նման վերաբերմունքը պայմանավորված է այս գործերի հնչեղությամբ, դրանց քաղաքական ենթատեքստով։

Զննության լիազորությունը նախատեսված է դեռեւս 2008 թվականից, դա անվտանգության միջոցառում է, եւ այդ լիազորությունն ուղղված է դատարան մուտք գործող բոլոր անձանց անվտանգությանն ու նրանց իրավունքների պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է խտրականությանը, ես պիտի ասեմ, որ  դատարան մուտք գործող բոլոր անձինք՝ այդ թվում մեղադրողները, փաստաբանները, ենթարկվում են զննության, ինչը նախատեսված է օրենքով ու բխում է օրենքի շահերից։  Այն փաստաբաներին, այն անձանց, որոնք բարձրացնում են խնդիրը, որ դա ապօրինություն է, առաջարկում եմ կարդալ դատական օրենսգրքով նախատեսված այդ կարգավորումները։

Դուք հայտարարում եք՝ մետաղորսիչի ազդանշանի պարագայում բոլորն են պարտավոր ցույց տալ պայուսակի պարունակությունը, մինչդեռ Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը  վստահեցրեց, որ պայուսակում համակարգիչ է եւ կարգդարիչը թույլ տվեց անցնել առանց բացելու այն, սա չի՞ նշանակում, որ կամայականություն են թույլ տալիս  դատական կարգադրիչները։

Խնդրում եմ բոլոր հարցերով դիմեք մեր լրատվական ծառայությանը...

Տպել
Ամենաշատ