News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ռուսաստանում մահվան ելքով վթարի պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին փոխանցեցին Հայաստանին: Նա պատիժը կշարունակի կրել հայրենիքում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: 2013 թվականի հուլիսին Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով Պոդոլսկի մերձակայքում բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել: Հարությունյանը դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Հարազատները Հարությունյանին կայցելեն հուլիսի 22-ին: Ընտանիքը պատրաստվում է նաեւ դիմել հանրապետության նախագահին՝ Հրաչյա Հարությունյանին ազատ արձակելու խնդրանքով:

Կեսգիշերն անց Էգեյան ծովում՝ Հունաստանի եւ Թուրքիայի սահմանին, 6.7 մագնիդուտով երկրաշարժ է տեղի ունեցել: Հզոր ցնցումների հետեւանքով հունական Կոս կղզում երկու զբոսաշրջիկ է մահացել՝ Թուրքիայի եւ Շվեդիայի քաղաքացիներ, ավելի քան 120 վիրավոր կա: Երկրաշարժի հետեւանքով Կոս կղզում բազմաթիվ շենքեր են ավերվել, մեծ թվով ահաբեկված զբոսաշրջիկներ բաց երկնքի տակ են գիշերել: Երկրաշարժը թույլ ցունամի է առաջացրել, թուրքական Բոդրում քաղաքում փլուզումներ են եղել, փողոցները հեղեղվել են: Աթենքում Հայաստանի դեսպանության նախնական տվյալներով՝ տուժածների թվում հայեր չկան:

Թուրք-գերմանական հարաբերությունները շարունակում են սրվել: Այս անգամ լարվածությունը սկսվել է Ստամբուլում 6 իրավապաշտպանների ձերբակալությունից հետո, որոնց թվում նաեւ Գերմանիայի քաղաքացի կա: Բեռլինն իր քաղաքացուն, ինչպես նաեւ մյուս իրավապաշտպաններին ազատ արձակելու կոչ է արել Անկարային: Իսկ մինչ Թուրքիան շարունակում է մեղադրանքներ հնչեցնել իրավապաշտպանների հասցեին, Գերմանիան հայտարարել է մի շարք համատեղ նախագծերի սառեցման մասին, այդ թվում՝ ռազմական ոլորտի:

Ռազմավարական դաշնակիցների հարաբերություններում խնդիրների արմատներն ավելի հեռուն են գնում: Սակայն Անկարան ակնհայտորեն զայրացավ, երբ Գերմանիան Էրդողանի թիմակիցներին արգելեց գերմանական քաղաքներում հանդիպել թուրքական համայնքի ներկայացուցիչներին եւ Սահմանադրության փոփոխությունների հրապարակային քարոզչություն կատարել: Հիմա արդեն փորձագետները խոսում են Անկարայի դեմ ավելի լայնածավալ արշավի մասին: Մասնավորապես, չի բացառվում, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի Եվրամիությունը՝ կապված այդ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրների հետ:

Երեւանում այսօր մեկնարկել է վերջին շրջանի ամենաաղմկահարույց գործերից մեկի՝ «Զինված խմբի» գործով դատաքննությունը: Այս գործով 20 ամբաստանյալ է անցնում: Այսօրվա դատական նիստում մի քանի ամբաստանյալների փաստաբաններ իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդություններ են ներկայացրել: Բոլորն էլ մերժվել են: Այնուհետեւ մեղադրողը սկսել է հրապարակել մեղադրական եզրակացությունը, սակայն ավարտին չի հասցրել: Մեղադրական եզրակացության հրապարակումը կշարունակվի հաջորդ դատական նիստում՝ հուլիսի 28-ին:

«Զինված խմբի» գործով կալանավորվածները մեղադրվում են պետական հեղաշրջման փորձի, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ պահելու, իշխանությունը յուրացնելու փորձի համար: Գործով անցնում է նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Մեղադրական եզրակացության համաձայն՝ հենց նա է «Զինված խումբը» ստեղծած եւ ղեկավարած Արթուր Վարդանյանին խորհուրդ տվել Հայաստանում իշխանափոխության հասնելու գործողություններում զերծ մնալ պետական մարմինների վրա հարձակումներից: Մեղադրանքի համաձայն՝ Շիրխանյանն իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել նախագահի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը: Վահան Շիրխանյանը նաեւ խոստացել է ապահովել բանակի մասնակցությունը կամ բանակի չեզոքությունն այդ գործընթացներում:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող 34-ամյա Հրանտ Համբարձումյանը հայտնաբերվել է: Կասկածյալին կալանավորել են: Նա հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել: Հուլիսի 17-ին իր աշխատասենյակում դանակահարված Ռուբեն Պողոսյանը նախօրեին հիվանդանոցում մահացել է: Բժիշկների տեղեկացմամբ՝ նա մահացել է կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման եւ կարդիոգեն շոկի հետեւանքով: Համբարձումյանը հոգեբանին դանակահարել է թուղթ կտրելու դանակով: Ըստ տեղեկությունների՝ նա Ռուբեն Պողոսյանի հիվանդներից է, հոգեկան խնդիրներ ունի:

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին: Ռումինիայում ավարտին մոտեցող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնության խաղում մեր մարզիկները հաղթանակ են գրանցել 82:80 հաշվով: Հանդիպման վերջին վայրկյանները լարված պայքարում են անցել: Վիգեն Էսկիջյանի գլխավորած թիմը խմբային փուլի 4 խաղերից երեքում պարտվել էին Ֆինլանդիայի, Բելառուսի եւ Բելգիայի թիմերին, իսկ միակ հաղթանակը տարել էին խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ՝ «Ա» ենթախմբում գրավելով վերջին՝ 5-րդ տեղը:

Հուլիսի 21-ին դոլարն ու եվրոն թանկացել են, ընդ որում եվրոն՝ միանգամից 7 դրամով: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 557, ռուբլունը՝ 8 դրամ 14 լումա, ֆունտինը՝ 622 դրամ:

Հուլիսի 22-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին էապես չի փոխվի, իսկ հետո փոքր-ինչ կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +22+24, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ