News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պոլսահայ գրող եւ լեզվաբան Սեւան Նշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը: «Արեւելք»-ի փոխանցմամբ՝ հեղինակը պատմում է, թե ինչպես իր վարքուբարքը հավանության չարժանացավ բանտի ղեկավարության կողմից եւ մեկ ամիս անց նա տեղափոխվեց փակ ռեժիմի բանտ:

Բուջայի փակ ռեժիմի բանտում անվանի մտավորականը 40 հոգու համար նախատեսված բանտախուցը կիսում է 120 բանտարկյալի հետ: Հետո տեղափոխվում է Շաքրանի փակ ռեժիմի բանտ, որտեղ մեկ ամիս անցկացնում է զանգվածային սպանդի համար 56 տարվա ազատազրկման դատապարտված դիարբեքիրցի կալվածատիրոջ եւ նրա հանցակցի հետ նույն բանտախցում: 2014թ. հուլիսին Նշանյանին տեղափոխում են Այդընի Յենիփազար փակ բանտը: Այստեղ նա մեկ հոգանոց ազատ բանտախուց եւ շաբաթական 5 օր 6-ական ժամ համակարգչից ու ինտերնետից օգտվելու հնարավորություն է ստանում:

14 ամիս այդ պայմաններում աշխատում է իր հեղինակած բառարանի վրա, ուսումնասիրում հարյուրավոր թուրքերեն ու օսմաներեն աղբյուրներ: Այդ ընթացքում մտավորականի դեմ հարուցված դատական գործերը շարունակվում են եւ նրան տրված պատժաչափը ավելանում է՝ նախ հասնելով 11, ապա՝ 17 տարվա:

2015թ. օգոստոսին բաց ռեժիմի Սյոքե բանտ տեղափոխվելով՝ Նշանյանը ստանում է մեկշաբաթյա արձակուրդի իրավունք: Այդ արձակուրդներից երկրորդը համընկնում է նրա ծննդյան օրվա հետ. «Որոշեցի ընկեր-բարեկամների համար խնջույք կազմակերպել: Չգիտեմ՝ որտեղից մի պարուհի հայտնվեց, ու մի լրագրող, որ չգիտեմ, թե ինչու էր այնտեղ, անմիջապես լուսանկարեց մեզ: Ու մի ոչնչություն, որ չեմ հասկանում, թե ինչու է ապրում, մեծացրեց ու իր թերթի մի անկյունում հրապարակեց այդ նկարը»:

Դրանից մի քանի շաբաթ անց բանտում Նիշանյանին «բռնում են» համակարգչից օգտվելիս ու անջատում ինտերնետ կապը, ապա նա կրկին տեղափոխվում է փակ ռեժիմի բանտ ու ստանում բազմաթիվ կարգապահական պատիժներ: 2016թ. մարտին տեղափոխվում է Մենեմենի փակ բանտ, որտեղ դեպրեսիայից նրան փրկում է փոքր դստերը՝ Անահիտին ուղղված նամակների տեսքով գրքի վրա աշխատանքը:

2017թ. փետրվարին տեղի ունեցած օրենքի փոփոխությունների շնորհիվ մարտի 25-ին հայ մտավորականը տեղափոխվում է Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Ի վերջո, Նշանյանի համբերություն սպառվում է: Նա հասկանում է, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն ազատ արձակել: Ավելին, տարիներ առաջ եթերից նրա հնչեցրած այս կամ այն արտահայտության համար դեռ նորանոր քրեական գործեր են հարուցվում, պատժաչափը գնալով մեծանում է:

«Իրականում դեռ երկու տարի առաջ արդեն պարզ էր, որ սրա վերջն այսպես է լինելու: Ես դեռ 2015թ. դեկտեմբերին պատրաստ էի փախչելու: Բայց ընկերներս հորդորեցին մի փոքր էլ սպասել: Իրականում եթե որեւէ կտրուկ քայլ ես ուզում անել, երբեք չպետք է ականջ դնել խելացի մարդկանց խորհուրդներին: Նման քայլ անելու համար պետք է խենթ լինել, սկզբի ու վերջի մասին շատ չմտածել»,- գրում է Նշանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ