News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նկատմամբ Թուրքիայի ձեռնարկած վերջին քայլերն ակնհայտորեն շանտաժի բնույթ են կրում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսքինը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձնանում է ստոր եւ ոչ դիվանագիտական պահվածքով, որը երբեմն մոտ է հիստերիային եւ նույնիսկ ռեկետին: «Էրդողանը 5 մլրդ դոլար ստացավ Եվրամիությունից՝ Եվրոպա սիրիացի փախստականներին ուղարկելուց հրաժարվելու դիմաց: Նա չափազանց կսրի Գերմանիայի հետ հարաբերությունները, իսկ հետո որոշակի փոխզիջման կգնա, որպեսզի խուսափի պատժամիջոցներից եւ Գերմանիայի ու Եվրամիության կողմից խիստ միջոցներից»,- ընդգծեց Ավիգդոր Էսքինը:

Խոսքը, ըստ նրա, դիվանագիտական էթիկայի տեսանկյունից ոչ նորմատիվ պահվածքի մասին է: «Էրդողանը երբեք աչքի չի ընկել համարձակությամբ: Նա իմպուլսիվ է, բայց միշտ նահանջում է, երբ իրական վտանգ է զգում: Երբեմն նա նմանվում է տարեց հիստերիկ կնոջ, որը հիստերիա է բարձրացնում, իսկ հետո հարեւաններից տուրք է հավաքում ժամանակավոր լռության համար»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Գերմանիայի հետե հարաբերություների լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ին Թուրքիայի հետագա անդամակցության հարցին՝ քաղաքագետը նշեց. «Առայժմ փոփոխություններ ակնկալել պետք չէ: Էրդողանը պատրաստ չէ լիարժեք կոնֆլիկտի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունները սրվեցին Ստամբուլում իրավապաշտպանների ձերբակալությունից հետո, որոնց թվում նաեւ Գերմանիայի քաղաքացի կա: Հուլիսի 18-ին Ստամբուլի դատարանը կալանավորել Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերին ու եւս հինգ իրավապաշտպանների՝ մինչեւ դատարանի վճիռը:

Գերմանիայի ԱԳՆ-ն կանչեց Թուրքիայի դեսպանին՝ կապված Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդտների ձերբակալության հետ: Թուրք դեսպանին հայտարարեցին, որ գերմանացի իրավապաշտպանի եւ մյուս ակտիվիստների ձերբակալությունն անընդունելի է: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն իր հերթին հայտարարեց Թուրքիայի նկատմամբ Բեռլինի քաղաքականությունը վերանայելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ