News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռուբեն Պողոսյանի աշխատանքային սեղանին ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես հուլիսի 17-ին. այդ օրը 34-ամյա Հրանտ Համբարձումյանը հոգեբանի աշխատասենյակում հարձակվեց նրա վրա: Սեղանին կիսատ թողած գրառումներ են, փաստաթղթեր, ակնոց, գիրք, որը հիվանդը բերել էր իր հետ եւ որով հարվածել էր հոգեբանին: Գրքի վրա արյան հետքեր են: Արյան հետքեր կան նաեւ պատին, ուշադիր դիտելու դեպքում հետքեր կարելի է նկատել նաեւ գորգի վրա, չնայած այն մաքրել են:

«ԱՅԳ» կենտրոնի հոգեբան Արշակ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ այդ օրը երիտասարդը պետք է Ռուբեն Պողոսյանին այցելեր 16:00-ին, բայց բավական վաղ էր եկել՝ 13:45-ին: Հոգեբանին սպասելիս նա հարեւան սենյակից Ռուբեն Պողոսյանի գրած գիրքն է վերցրել: Հոգեբանը կենտրոն է եկել 14:00-ին. մտել է իր աշխատասենյակ, հիվանդը հետեւել է նրան ու փակել դուռը: Այդ դուռը հոգեբանը երբեք չէր փակում, եւ կենտրոնի երիտասարդ աշխատակցուհին, կասկած զգալով, մոտեցել է՝ հասկանալու համար, թե ինչու է դուռը փակվել:

Ներս մտնելով՝ տեսել է, որ հոգեբանը պառկած է գետնին, արյան մեջ, իսկ հիվանդը դանակով հարվածում է նրան: Աղջիկը չի կորցրել իրեն. սեղանից վերցրել է առաջին պատահած գիրքն ու հարվածել տղամարդու գլխին, իսկ հետո դուրս վազել՝ օգնություն կանչելու:

Հրանտ Համբարձումյանը վազել է նրա հետեւից, սակայն չի պատրաստվել նրան վնաս հասցնել. պարզապես ասել է, որ ղեկավարությանը փոխանցի՝ երեկոյան վերադառնալու է:

Վիրավոր հոգեբանին հիվանդանոց են հասցրել, իսկ հարձակվողին ոստիկանությունը ձերբակալել է, բայց շուտով ազատ է արձակել:

«ԱՅԳ» հոգեբանական օգնության կենտրոնի հիմնադիր Վարուժան Մելքոնյանը խոստովանում է, որ դա ցնցել է կենտրոնի աշխատակիցներին: «Երբ լսեցինք, որ նրան բաց են թողել, մեզ մոտ լարվածություն առաջացավ»,- ասաց Վարուժան Մելքոնյանը:

Հրանտ Համբարձումյանին նորից ձերբակալեցին երկու օր անց, բայց այդ ընթացքում նա այլեւս չի հայտնվել «ԱՅԳ» կենտրոնում, աշխատակիցները մտավախություններն իզուր էին:

Վարուժան Մելքոնյանի խոսքով՝ կենտրոնի աշխատակիցները տվյալներ չունեն, արդյո՞ք նա հաշվառված է որեւէ հոգեբուժական կլինիկայում: Ըստ Մելքոնյանի, եթե նա ակնհայտ հոգեկան խնդիրներ ունենար, Ռուբեն Պողոսյանի նման փորձառու մասնագետը կնկատեր դրանք: Կենտրոնի հիմնադրի խոսքով՝ առայժմ հայտնի չէ, թե հատկապես ինչ աշխատանք է տարել այդ հիվանդի հետ հոգեբանը. եթե նույնիսկ նա գրառումներ է ունեցել, դրանք, ամենայն հավանականությամբ, այնպես են արվել, որպեսզի կողմնակի անձինք չհասկանան, թե խոսքն ինչի մասին է: Ամեն դեպքում՝ կենտրոնի աշխատակիցներն առայժմ ձեռք չեն տվել հոգեբանի իրերին եւ չեն ուսումնասիրել գրառումները:

Հիշեցնենք, որ Հրանտ Համբարձումյանի հարձակումից հետո հոգեբան Ռուբեն Պողոսյանին ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա երեք օր անց մահացել է՝ կարդիոգեն շոկի եւ կրկնակի ինֆարկտի զարգացման հետեւանքով: 34-ամյա Համբարձումյանին նախ բերման են ենթարկել ոստիկանություն, իսկ հետո ստորագրությամբ ազատ արձակել: Նրան ձերբակալել են հուլիսի 21-ին: Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ