News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդիկ անբարոյական են համարում մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ հերթեր են: Այս մասին «Խիստ պահպանողականությու՞ն, կեղծ բարոյականությո՞ւն, թե՞ վստահության ճգնաժամ» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարել է մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը։

Նրա խոսքով, թեպետ Հայաստանի Սահմանադրությունն  ու հիմնարար օրենքները սահմանում են երկրում գործող կարգն ու հասարակական հարաբերությունները կանոնակարգում դրանց շրջանակներում, սակայն փորձագետները պնդում են, որ իրականությունն այլ է, եւ հաճախ կարծրատիպերն ու դրանցով ձեւավորված նորմերն առավել զորեղ են ու ազդեցիկ, քան օրենքները։

Աղասի Թադեւոսյանը նշեց, որ քաղաքական համակարգում ու հանրության շրջանում գերիշխում են արյունակցական կամ հարեւանական, թաղային ու համայնքային նեղ հարաբերությունները եւ այս երկու իրականությունների հակադրությունը առկա է  ոչ միայն մակրո մակարդակում, այն է՝ երկրի կառավարմանը վերաբերող հարցերում, այլեւ միկրո մակարդակում՝ հանրային ու անգամ միջանձնային հարաբերություններում:

«Ժամանակին երբ շուկա էինք գնում կշեռքների վրա կարելի էր տեսնել գրություններ, որ վաճառականները երդվում էին, թե իրենց մոտ 1 կգ  իսկապես 1000 գրամ է, որ չեն խաբում: Բայց երբ գնումներ էինք կատարում, շատ հաճախ դուրս էր գալիս, որ իրականում 750 գրամ էր, ոչ թե 1000: Այսինքն՝ մարդիկ ապրում են այդ 250-300 գրամ խաբելու միջակայքում: Սա բնորոշ է հանրային հարաբերությունների բազմաթիվ ոլորտներում», - ասաց նա՝ մեկնաբանելով վերջերս հեղինակավոր Pew Research Center-ի հրապարակած հետազոտության արդյունքները, համաձան որոնց Հայաստանի բնակչության 76%-ը անբարոյական է համարում նախաամուսնական սեռական հարաբերությունները, 69%-ը՝ աբորտները, 96%-ը մարմնավաճառությունը, 98%-ը՝ միասեռական հարաբերությունները, իսկ 56%-ի կարծիքով անբարոյական է նաեւ ամուսնալուծությունը:

Հետազոտությունն իրականացվել է հետխորհրդային եւ նախկին «սոցճամբարի» 18 երկրներում, ու Հայաստանը բոլոր ցուցանիշներով առաջին դիրքերն է զբաղեցնում: Համաձայն հետազոտության արդյունքների՝ Հայաստանի հասարակությունն ուլտրապահպանողական է: Որքանո՞վ են արժանահավատ այս ցուցանիշները, արդյոք հայ հասարակությունը խիստ պահպանողական հայացքներ ունի եւ մտածում է կարծրատիպերով, թե՞ մարդիկ, իրականում այլ կերպ մտածելով, մեկ այլ կարծիք են հայտնում մեծամասնությունից չտարբերվելու եւ ընդունված նորմերից չշեղվելու համար:

Այս հարցման շրջանակներում մարդկանց պատասխանների անկեղծությունը կասկածներ է հարուցում մի քանի պատճառներով: Հարցվածների 69%-ը աբորտն անբարոյականություն է համարում, մինչդեռ Հայաստանը սեռով պայմանավորված աբորտների ցուցանիշներով աշխարհում երկրորդ տեղում է` Չինաստանից հետո, իսկ աբորտների պաշտոնական տվյալը տարեկան ավելի քան 8000 է:  Հարցվածների 42 %-ն անբարոյական է համարում հակաբեղմնավորիչների օգտագործումը, սակայն Հայաստանում ոչ միայն «բեյբի-բում» չկա, այլեւ ծնելիությունն անշեղորեն կրճատվում է:

Չնայած փորձագետները կարծում են, որ բուն հետազոտության արդյունքների մասին դժվար է հստակ կարծիք հայտնել, քանի որ, նախ՝ այն քանակական ուսումնասիրություն է, իսկ երկրորդը՝ ներկայացված չէ դրա իրականացման մեթոդաբանությունը, սակայն ընդհանուր պատկերը բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք առկա են Հայաստանում, մասնավորապես՝ վստահության ճգնաժամը:

Աղասի Թադեւոսյանը շեշտում է, որ երկակի չափանիշները հայաստանյան իրականության անբաժան մասն են:

«Այդ երկակի ստանդարտները գործում են ամենուր: Մարդիկ, ըստ նույն հետազոտության, դատապարտում են մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ հերթեր են գոյանում»,- ասաց Աղասի Թադեւոսյանը՝ հավելելով, որ երկու իրականությունում ապրելու արմատների մի մասը ԽՍՀՄ-ից է գալիս: Նրա բնորոշմամբ, Հայաստանում այս առումով առկա է հանրային վստահության ճգնաժամ, որը խանգարում է նաեւ զարգանալ հասարակությանն ու պետությանը:

«Գուցե, եթե մենք մեզ չխաբենք, Սահմանադրության մեջ գրենք այն ինչ կա, այն է՝ Հայաստանը կիսավտորիտար պետություն է, իսկ իշխանությունն այդ ոգով գործի, վերցնի իր վրա ամբողջական պատասխանատվություն իր հպատակների նկատմամբ, ապա ՀՀ-ում կառավարման համակարգն ավելի արդյունավետ կարող է աշխատել: Ես, իհարկե, աբսուրդ բան եմ ասում, բայց այժմ ստեղծված է մի իրավիճակ, որ դե-յուրե ունենք դեմոկրատական համակարգ, սակայն իրականում համընդհանուր անպատասխանատվություն է տիրում», - ասաց նա:

Տպել
Ամենաշատ