News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայի արտաքին քաղաքականության օրակարգն առաջ մղող մերձպետական ինստիտուտների համար բյուջեի ծախսերը առաջիկա 3 տարիներին կկրճատվեն: Ռուսաստանը կկրճատի կազմակերպությունների աջակցությունը, որոնք արտաքաղաքական օրակարգն առաջ են մղում արտասահմանում, փոխանցում է ՌԲԿ-ն: 

«Մոսկվայի արտաքին քաղաքականության օրակարգն առաջ մղող մերձպետական ինստիտուտների համար բյուջեի ծախսերը առաջիկա 3 տարիներին կկրճատվեն: Ա.Մ.Գորչակովի անվան հրապարակային դիվանագիտության հիմնադրամի եւ Միջազգային հարցերով ռուսական խորհրդի (ՄՀՌԽ) աջակցության սուբսիդիաներն ընդհանուր առմամբ 8 տոկոսով կկրճատվեն՝ 2014-2016 թվականների համեմատությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: Այս 2 հասարակական կազմակերպություններին 2018 թվականից սուբսիդիաները հատկացվել են ծախսերի առանձին տեսակով, նշված է Ֆինանսների նախարարության բյուջեի որակավորման փոփոխությոնների մասին հրամանում: Հրամանին կցված նյութերում նշված է, որ սուբսիդիաներ կստանան այն ՀԿ-ները, որոնք իրականացնում են հրապարակային դիվանագիտության աջակցություն, նպաստում են ռուսական հասարակական կազմակերպությունների մասնակցությանը միջազգային համագործակցությանը, եւ այն ՀԿ-ները, որոնք աջակցում են միջազգային արտաքին քաղաքական հետազոտությունների անցկացմանը, արտաքին քաղաքականության ոլորտում մասնագետների պատրաստմանը: Հրամանում խոսքը վերաբերում է համապատասխանաբար Գորչակովի հիմնադրամին եւ ՄՀՌԽ-ին: Նրանց ֆինանսավորման ծավալները որոշում է ԱԳ նախարարությունը՝ այս ուղղությամբ  բյուջեի միջոցների գլխավոր բաշխողը:

Նշվում է, որ Գորչակովի հիմնադրամն աշխատում է 2010 թվականից, այն ստեղծվել է Դմիտրի Մեդվեդեւի կարգադրությամբ, երբ նա երկրի նախագահն էր: Ինչպես նշված է Հիմնադրամի կայքում, այն աջակցում է արտասահմանում Ռուսաստանի սոցիալական ծրագրերի առաջմղմանը, մասնակցում է երկրի «տնտեսական եւ հասարակական-քաղաքական իրադրության» վերլուծությանը, խորհրդատվություններ է կատարում, համաժողովներ եւ սեմինարներ է անցկացնում, աջակցում է արտասահմանում ռուսալեզու լրատվամիջոցներին, առաջ է մղում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: ՄՀՌԽ-ն իր հերթին, որի հիմնադիրների թվում են ԱԳՆ-ն, Ռուսաստանի ԳԱ-ն եւ Կրթության ու գիտության նախարարությունը, իր խնդիրն է համարում «գլոբալ աշխարհին ինտեգրման միջոցով Ռուսաստանի բարգավաճմանը նպաստելը»: Այս ՀԿ-ի գործունեությունը, որը նույնպես 2010 թվականին ստեղծել է Դմիտրի Մեդվեդեւը, ուղղված է «միջազգային հակամարտությունների կանխմանը եւ ճգնաժամերի կարգավորմանը», նշված է նրա կայքում: Հաղորդվում է, որ 2017-2019 թվականների համար սուբսիդիաների մասին համաձայնագիրը ԱԳՆ-ն Գորչակովի հիմնադրամի հետ կնքել է հուլիսի 3-ին: Կազմակերպության ստացած գումարը պետք է ծախսվի համաժողովների եւ սեմինարների կազմակերպման, կայքի աշխատանքի աջակցության, աշխատավարձերի վճարման, գույքը պահելու, ավտոմեքենաներ եւ սարքեր ձեռք բերելու համար: ՄՀՌԽ-ին հատկացված բյուջեի միջոցները, ինչպես հետեւում է ԱԳՆ հետ ստորագրած պայմանագրից, նախատեսված են վերլուծական նախագծերի վճարման, միջազգային հետազոտությունների կազմակերպման, աշխատանքի վճարման, տրանսպորտի եւ այլնի համար:

«Այս 2 կազմակերպությունները պահելու բյուջեի ծախսերը նվազում են: Եթե 2014-2016 թվականներին նրանք պետությունից 431,4 մլն ռուբլու սուբսիդիա են ստացել, ապա 2017-2019 վականներին կհատկացվի 398,7 մլն ռուբլի: Սա տեղի է ունենում հիմնականում ՄՀՌԽ-ի հաշվին, իսկ Գորչակովի հիմնադրամի աջակցությունը հաջորդ եռամյակին, հակառակը, փոքր-ինչ բարձր կլինի»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Գորչակովի հիմնադրամի պետական ֆինանսավորման կրճատումը, որ տեղի է ունեցել անցյալ տարիներին, նրա գործունեության վրա կրիտիկական ազդեցություն չի ունենում: Հիմնական գործունեության ֆինանսավորումն ապահովվում է այն միջոցների հաշվին, որոնք հոգաբարձուներն են նվիրաբերում: Սակայն Գորչակովի հիմնադրամը եւ ՄՀՌԽ-ն չեն բացահայտում հոգաբարձուների անդամավճարների գումարների չափը եւ նվիրաբերողների կազմը:

ՄՀՌԽ-ի ծրագրային տնօրեն Իվան Տիմոֆեեւի խոսքով՝ պետության համար կարեւոր է հասարակական կազմակերպություններին սուբսիդիաների հատկացումը, ինչպիսին են ՄՀՌԽ-ն եւ Գորչակովի հիմնադրամը, քանի որ դրանք «փափուկ ուժի» գործիք են: «Առաջին՝ այս ՀԿ-ներն անհրաժեշտ են, այսպես կոչված, երկրորդ  մրցուղու դիվանագիտության տեսակետից, որը նախատեսում է, որ ռուսաստանցի փորձագետները կարող են կարեւոր դերակատարում ունենալ դիվանագիտության մեջ եւ իրենց արտասահմանյան գործընկերների հետ համատեղ մեծացնել պաշտոնական դիվանագիտության արդյունավետությունն ու ճկունությունը, պարզաբանել է Տիմոֆեեւը: Դրանից զատ, ՄՀՌԽ-ն նախաձեռնում է նեղկրթական կիրառական ծրագրեր եւ միավորում է ոչ միայն պրոֆեսորներին, փորձագետներին, այլեւ բիզնեսի եւ լրագրողական միջավայրի ներկայացուցիչներին»,- հայտնել է Տիմոֆեեւը: Հաղորդվում է, որ 2017 թվականի մարտին կառավարությունը հաստատել է ոչ միայն Գորչակովի հիմնադրամին ու ՄՀՌԽ-ին սուբսիդիաների տրամադրման կարգը, այլ նաեւ Հայրենակիցների աջակցության հիմնադրամի աջակցության (կառավարության համապատասխան որոշումը չի հրապարակվել, սակայն դրան հղում են կատարում  այլ, հրապարակային փաստաթղթերը): Հայրենակիցների աջակցության հիմնադրամը 2016 թվականին բյուջեից 125 մլն ռուբլի է ծախսել «հայրենակիցների մեթոդական, տեղեկատվական, իրավաբանական օգնության ցուցաբերման եւ նյութական աջակցության» համար, հետեւում է Արդարադատության նախարարությանը ներկայացված նրա հաշվետվությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ