News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փաստաբանին խուզարկելու իրավունք ոչ ոք չունի, եթե չկա նրա նկատմամբ հարուցված քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությանը, որտեղ փաստաբաններին փորձում են խուզարկել նիստերի դահլիճ մուտք գործելուց առաջ:

Նրա խոսքով, եթե փաստաբանը գալիս է դատական նիստի, ապա նրան կարող են ընդամենը ենթարկել արտաքին զննման կամ սարքի միջոցով զննման. «Թող բարի լինեն տեղադրեն սարք եւ սարքի միջոցով տեսնեն՝ ինչ կա այդ մարդու պայուսակում: Պայուսակը միշտ էլ կարող է ունենալ մետաղական մաս եւ համապատասխան մետաղորսիչ դետեկտորը ցույց կտա, որ մետաղական մաս կա, բայց դա չի նշանակում, որ պետք է մտնեն պայուսակն ու ստուգեն, կամ ասեն՝ դատարկի պայուսակը: Ես չեմ դատարկի իմ պայուսակը»:

Դիտարկմանը, որ պատկան մարմինները պնդում են, որ դա զննում է, ոչ թե խուզարկություն, արդյոք օրենսդրությունը հստակ սահմանում է, թե որն է զննություն, որը խուզարկություն, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Օրենսդրությունն այդ առումով ոչինչ չի սահմանել եւ նաեւ չի սահմանել, թե ինչ բան է արգելված իր: Եթե խոսքը վերաբերում է զենքին, զինամթերքին, ապա թող ասեն՝ զենք, զինամթերք ունե՞ս: Փաստաբանն ասում է՝ չունեմ, ինչո՞ւ պետք է խուզարկեն: Հիմա սկսել են դատախազներին էլ խուզարկել, որ տեսեք, հավասարություն է: Բա առաջ ինչո՞ւ չէիք խուզարկում»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարության ժամանակ փորձ է արվում խուզարկել փաստաբաններին՝ հիմնավորելով դա անվտանգության նկատառումներով: Փաստաբանները չեն համաձայնում բացել իրենց պայուսակները, որից հետո նրանց թույլ չեն տալիս մուտք գործել դատական նիտերի դահլիճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ