News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն, այսօր՝ հուլիսի 24-ին, ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության եւ ՊՈԱԿ-ների ղեկավար կազմի ու աշխատակիցների մասնակցությամբ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի արդիականացման, օպտիմիզացիայի, կառուցվածքային փոփոխության եւ միջազգային համագործակցության հիմնահարցերը: ԱԻ նախարարն ընդգծեց, որ սեյսմիկ պաշտպանության համակարգի օպտիմիզացիան եւ արդիականացումն իրականացվելու են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա. մասնավորապես օպտիմիզացվելու է կառավարման համակարգը եւ թվայնացվելու են դիտացանցերը, ինչը թույլ կտա ավելի քիչ ռեսուրս ծախսելու պայմաններում ապահովել առավելագույն արդյունք:

Նախարար Տոնոյանը հանձնարարեց ակտիվացնել համագործակցությունը միջազգային ոլորտում՝ հատկապես դիտակայանների արդիականացման եւ դիտացանցերից ստացվող տեղեկատվության համալրման եւ թվայնացման գործընթացում՝ ներգրավվելով միջազգային մակարդակում իրականացվող ծրագրերում:

«ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը միջազգային համագործակցության գործընթացներում պետք է լինի նախաձեռնողի դերում, այլ ոչ թե՝ սպասողի»,-հավելեց նախարարը:

Խորհրդակցության ավարտին նախարարը տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի՝ պաշտոնը զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու հիմքով աշխատանքից ազատման մասին: Ընդգծելով Հ. Պետրոսյանի ծավալուն եւ վաստակաշատ աշխատանքը սեյսմիկ պաշտպանության համակարգի ձեւավորման գործընթացում՝ ԱԻ նախարարը վերջինիս պարգեւատրեց ՀՀ ԱԻՆ «Ձառքի խաչ Նոյ» մեդալով եւ ՀՀ ԱԻՆ շնորհակալագրով:

Տպել
Ամենաշատ