ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 3 անձի դանակահարությունը։ Մեղադրանք է առաջադրվել է 1 անձի:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 01:10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ կտրած-ծակած վերքերով՝ Ժ. Ղազարյանը՝ «որովայնի կտրած-ծակած վերք ձախից», Կ. Դերզիյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» եւ Է. Հարությունյանը՝ «որովայնի պորտի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ջուղայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ստեղծվել է քննչական խումբ:
Մարմնական վնասվածքներ ստացած 3 քաղաքացիները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ, առգրավվել տուժողների հագուստը, հարցաքննվել վկաներ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։