News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

 Sevan StartUp Summit-ի մասնակիցները ոչ միայն պայքարելու են «բեթլներում» ու մրցույթներում, մրցանակներ են ստանալու ու դասախոսություններ լսելու, այլեւ կարողանալու են ավելի լավ պատկերացնել իրավիճակը երկրում ու աշխարհում ու հասկանալ, թե իրենք ինչ լուծումներ կարող են առաջարկել առկա խնդիրների համար; Այս մասին, ելույթ ունենալով Sevan StartUp Summit 2017-ի հանդիսավոր բացման ժամանակ, ասել է StartUp Armenia հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

«Մենք պետք է հավատանք, որ հենց մենք ենք նրանք, ովքեր փոփոխություններ են բերելու երկիր ու հենց դրա համար ենք այստեղ հավաքվել»,- նշեց նա;

Հակոբ Հակոբյանը նաեւ հավելեց, որ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները օգնելու են իրար, միասին լուծելու են խնդիրները ու դառնալու են նոր արժեհամակարգի հիմնադիրները։ Գագաթնաժողովից նրանք իրենց հետ կտանեն ոչ միայն գումարային ու այլ մրցանակներ, այլեւ կապեր ու աջակցություն, որը կստանա յուրաքանչյուր ընկերություն։

Հիշեցնենք, որ Sevan StartUp Summit ամենամյա ֆորումը, որը կազմակերպել է StartUp Armenia հիմնադրամը անցնում է Սեւանա լճի ափին հուլիսի 24-ից 31-ը։ Ֆորումն ունի ավելի քան 1000 մասնակիցներ, այդ թվում 100 ստարտափեր ու մշակողների, ներդրողների, վենչուրային ընկերությունների ու մենթորների թիմեր՝ ավելի քան 10 երկրներից։

Միջոցառումը, կազմակերպիչների խոսքով, ուղղված է ստարտափերի համար համագործակցության նոր ուղիների ստեղծմանը  ու փորձի փոխանակությանը։ Գագաթնաժողովի ձեւաչափը եզակի է՝ 7 օրվա ընթացքում միջոցառման բոլոր մասնակիցները, այդ թվում մենթորները ու ներդրողները, կիսելու են կենցաղը, շփվելու են, մասնակցելու են տարբեր մրցույթների ու միջոցառումների։ Արդյունքում ստեղծվելու են նոր թիմեր, շատ նախագծեր կկարողանան ներդրողներ գտնել ու դուրս գալ շուկա մոտ ապագայում։ Կկազմակերպվեն նաեւ մրցույթներ, որոնք նախատեսում են ավելի քան 20 գումարային ու այլ տեսակի մրցանակներ։

«Բիգ բաթլի» ՝ Sevan StartUp Summit 2017-ի շրջանակում՝ հուլիսի 29-30-ը նախատեսված խոշորագույն մրցույթներից մեկի հաղթողը կստանա 8000 դոլարի չափով մրցանակ՝ գագաթնաժողովի գլխավոր գործընկեր «Ամերիաբանկից»։ Մյուս մրցույթների շրջանակում նախատեսված են գումարային մրցանակներ նաեւ ֆորումի մյուս հովանավորների կողմից։

Նշենք, որ անցած տարի ստարտափ ֆորումի ամբողջ մրցանակային ֆոնդը կազմել էր 7500 դոլար, իսկ այս տարի, մեծ քանակության ներդրողների ու գործընկերների ներգրավման շնորհիվ, մրցանակային ֆոնդը հասել է 40 000 դոլարի։ Բացի դրանից անցած տարի ֆորումի շրջանակում մի շարք ստարտափներում արվել են 30 000 դոլարի չափով ներդրումներ, իսկ այս տարի ներդրումների ծավալը կաճի մինչեւ 200 000 դոլար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ