News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ում պարտված գործերով դատավորին անվերապահորեն ֆինանսական փոխհատուցման պահանջներ ներկայացնելն աններելի սխալ կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը, ով 2007-2010 թթ.-ին զբաղեցրել է նաեւ արդարադատության նախարարի պաշտոնը:

Անդրադառնալով տեսակետին, որ ՄԻԵԴ-ում պարտվելու պարագայում ֆինանսական փոխհատուցման որոշակի բաժին պետք է կրեն նաեւ այն դատավորները, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը պարտվում է ՄԻԵԴ-ում, Դանիելյանն ասաց. «Դատավորին անվերապահորեն ֆինանսական փոխհատուցման պահանջներ ներկայացնելն արտաքուստ հիմնավորված ու գրավիչ է թվում, սակայն դա աններելի սխալ կլինի: Դա ոչ միայն կհակասի այդ խնդրին վերաբերող միջազգային իրավունքի չափանիշներին եւ միջազգային փորձին, այլեւ բացարձակապես չի նպաստի արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության երաշխավորվածությանը»:

Նրա խոսքով, Կոնվենցիան խախտելու դեպքում, դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ ցուցաբերելով անբարեխղճություն, հավուր պատշաճի չի ուսումնասիրել կիրառման ենթակա իրավական նորմերը, ակնհայտ ու առանց որեւէ պատշաճ հիմնավորման շրջանցել է Կոնվենցիայի հիմնադրույթները, իսկ եթե վերջինս, դրսեւորելով հայեցողական լիազորություն, հիմնավորում է իր դիրքորոշումները, այդ թվում՝ կոնկրետ գործով վճռաբեկ դատարանի նախադեպային նշանակություն ունեցող որոշումներից շեղվելու անհրաժեշտությունը, ապա ողջամտությունը հուշում է, որ չպետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության, քանզի դա կնպաստի իրավունքի զարգացմանը:

Այդուհանդերձ, Գեւորգ Դանիելյանը կարծում է, որ եթե դատավորը որոշում կայացնելիս հանցավոր վարքագիծ է դրսեւորել, այդ դեպքում փոխհատուցումն անխուսափելի է:

«Փոխհատուցումների խնդիրը, այսպիսով, գրավիչ ու տրամաբանական է թվում, սակայն դա դատավորների պարագայում կիրառելի չէ՝ ի տարբերություն քրեական հետապնդում իրականացնող մարմինների պաշտոնյաների: Սակայն, սկզբունքային նշանակություն ունեն դատական սխալի հանգեցնող իրավաքաղաքական պատճառների վերացման հարցադրումները:

Դիտարկումները ցույց են տալիս, որ, օրինակ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցում մենք դրսեւորում ենք անթույլատրելի համառություն ու պրակտիկան շտկելու դանդաղկոտություն, իսկ արդյունքում ունենում ենք անհարկի պարտություններ: Ընդ որում, կարծում եմ, իրավական մշակույթն այնպիսին է, որ այս ինստիտուտի կիրառման ոչ բոլոր նրբություններին են տիրապետում նաեւ առանձին փաստաբաններ, հակառակ պարագայում չէին փորձի միջնորդել դատաքննության առարկա դարձնելու այնպիսի հանգամանքներ, որոնք որեւէ կերպ չեն կարող իրավական արժեք ունենալ, օրինակ, կալանքի ժամկետը երկարացնելիս»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ