News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 25-ին, հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց Իսրայելի նախարարի այցը Հայաստան, ընդգծելով, որ հայ եւ հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում միջպետական համագործակցության զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ նախարար Հանեգբին նշեց, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ եւ դա իր այցելության հիմնական ուղերձն է։

Հանդիպմանը զրուցակցիները հանգամանալից անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, քննարկեցին հրատապ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին հասարակական մակարդակով հայ-իսրայելական շփումների ակտիվացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։

Էդվարդ Նալաբանդյանը եւ Ցախի Հանեգբին կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմնումը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, միջխորհրդարանական փոխանակումների ակտիվացումը։

Բանակցությունների օրակարգում էին առեւտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարեւորվեց զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։

Զրույցի ընթացքում քննարկվեցին մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Նախարար Ցախի Հանեգբին ներկայացրեց Իսրայելի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ