ԱՄՆ Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ քաշքշուկ է առաջացել, ամերիկյան հեռուստաալիքները միջադեպը ցուցադրել են ուղիղ եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կարմիր մարզաշապիկով տղամարդը տրիբունայում նախ պաստառ է բարձրացրել՝ «Թրամփը եւ Փենսը պետք է հեռանան» գրությամբ: Բողոքողի վրա են հարձակվել հանրահավաքի մյուս մասնակիցները, այնուհետեւ նրան թեւերը ոլորելով դուրս են բերել պահապանները: «Գրողը տանի, որտեղի՞ց նա հայտնվեց»,- մեկնաբանել է Թրամփը:
Երկրորդ բողոքողը ծածանել է ԽՍՀՄ դրոշը՝ ակնարկելով «Ռուսաստանի հետ Թրամփի դավադրության» մասին տեղեկությունները, որոնք հերքում են ինչպես Կրեմլում, այնպես էլ Սպիտակ տանը: Բողոքողի ձեռքից դրոշը խլել են, այնուհետեւ նրան նույնպես պահապաններն են դուրս բերել:
«Բայց նա երիտասարդ է: Նա պետք է մայրիկի մոտ գնա, սակայն նա խնդիրներ կունենա: Գրազ եմ գալիս, որ նրա մայրիկը մեր օգտին է քվեարկել»,- մեկնաբանել է Թրամփը: