News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ինչ են Սոչիում քննարկել Պուտինը եւ Ալիեւը: Երբ հայաստանյան լրատվամիջոցներն այդպես են հարցը դնում ու սկսում են իմպերատիվ, հաստատական տոնով ինչ-որ մտքեր շարադրել, ես անկեղծորեն զարմանում են դրանց իրազեկության վրա:

Ուրեմն մեր որեւէ կայք այն աստիճանի մտերիմ է Պուտինի կամ Ալիեւի հետ, կամ ծայրահեղ դեպքում` այն մարդկանց հետ, որոնց այդ երկու ղեկավարները ամեն ինչ պատմում են, որ կարող են այդ իրենց պատմածները վերաշարադրել հոդվածի տեսքով:

Հասկանալի է, որ այդ երկրների հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ են առաջացել` վերջին վկայություններից մեկը, կարծում եմ, Վրաստանում ռուսաստանյան զինված ուժերի կողմից Բաքու-Սուփսա գազատարի «գրավումն» է: Բայց դրանց մասին կարելի է խոսել միայն երեւացող փաստերի, այսինքն` հետեւանքների վրա հիմնվելով, ինչպես եւ անում են պրոֆեսիոնալները (նկատի ունեմ BBC-ի հրապարակումը), եւ ոչ թե սուրճ նայող տատիկի նման ենթադրություններ անել, թե ով ում ականջին ինչ է քչփչացել:

Դե, եթե հայաստանյան կայքերը գիտեն, թե ինչի մասին են խոսել Պուտինն ու Ալիեւը, ուրեմն հաստատ կիմանան, թե որն էր, ասենք, Հայաստանի նախագահի եւ վարչապետի զրույցի թեման: Եվ այստեղ արդեն ոչ միայն թեման գիտեն, այլեւ զրուցակիցների ձայների ելեւէջները, ով որ պահին է ոտքի կանգնել եւ ինչ հայացք է նետել դիմացինի ուղղությամբ: Մարդիկ մտածում են` եթե այդ մանրամասներով գիտեն գաղտնի հանդիպումների մասին, ուրեմն նրանց գրածները ճիշտ են:

Միամիտ ընթերցողներն ու օգտատերերը չեն կարող ենթադրել, որ այդ մանրամասները նույնպես կարելի է հորինել: Իհարկե, դրան նպաստում է իշխանությունների (ոչ միայն մեր) անիմաստ գաղտնապահությունը:

Բերեմ մի շատ հին օրինակ: 1993 թվականին ես նախագահական նստավայրում դեմ առ դեմ հանդիպեցի եւ բարեւեցի Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովին: Վերադառնում եմ իմ սենյակ, լրագրողները սկսում են զանգել եւ հարցեր տալ` ճի՞շտ է արդյոք, որ Գրաչովը Հայաստանում է: Ճշտեցի, որ պիտի պատասխանեմ, թե դրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ` այդպես էլ վարվեցի: Բայց թաքցնել, որ այդ կարգի բարձր պաշտոնյան գտնվում է մեր երկրում, հնարավոր չէր, եւ իմ, մեղմ ասած, խուսափողական պատասխանը տեղիք տվեց զանազան ենթադրությունների ու, բնականաբար, «հնարած մանրամասների»:

Հաշվի առեք` ճշմարտությունը հնարավոր չէր թաքցնել նույնիսկ այն ժամանակ, երբ չկար համացանցը, չկար ամեն տեղից ուղիղ եթեր տալու հնարավորությունը, չկային սոցիալական ցանցերը: Էլ ի՞նչ ասենք այսօրվա մասին: Բավարարել հասարակական հետաքրքրությունը եւ, միեւնույն ժամանակ, իհարկե, չբացահայտել պետական գաղտնիքները` դա պատրաստվածության, պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակ է պահանջում, ինչպես նաեւ հնարավորինս թափանցիկ աշխատելու պատրաստակամություն: Նույնիսկ ազատ երկրներում է զգացվում դրա պակասը: Թրամփի վարչակազմը դրա վառ օրինակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ