Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, «Սասն ծռերի» գործի քննության ժամանակ, այսօր՝ հուլիսի 26-ին, լեզվակռիվ տեղի ունեցավ դատավոր Արտուշ Գաբրիելյանի եւ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջեւ:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Տիգրան հայրապետյանը ջուր էր բերել նիստերի դահլիճ՝ իր պաշտպանյալ Կարո Եղնուկյանի Եղնուկյանի համար:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պնդում էր, որ նիստերի դահլիճ ջուր բերելն անօրինական է, որ սա իրենց համար բուֆետ չէ: Նա պահանջում էր պաշտպանից դուրս տանել ջրի շիշը:
Տեղից Կարո Եղնուկյանը բացականչեց, որ դա իր համար դեղի նշանակություն ունի, քանի որ թորած ջուր է եւ հատուկ իր համար են բերել:
Տիգրան Հայրապետյանը դիմելով դատավորին վրդովված հայտարարեց. «Սա ձեզ համար մանկապարտեզի դահլիճ չի, դուք դատավոր չեք, իմ գործողություններն օրինական են»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը զայրացավ այս երկխոսությունից եւ հայտարարեց, որ սա անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ որ ինքը թույլ չի տվել խոսել: Գաբրիելյանի դիտողությունից հետո դատավորն ու պաշտպանը սկսեցին բղավել իրար վրա: Դատավորը հեռացավ նիստերի դահլիճից՝ փաստաբանի եւ նրա պաշտպանյալի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու:
Հիշեցնենք, որ դատարանի դահլիճ շշով ջուր բերելու հարցը նախորդ նիստին եւս բուռն քննարկման առարկա էր դարձել: Այսօր արդեն նիստերի դահլիճում ջրի սարք էին տեղադրել, որից օգտվելու հնարավորություն ունեն ամբաստանյալներն ու պաշտպանները: Սակայն Եղնուկյանը պնդում էր, որ իր համար բերված ջուրը հատուկ թորած ջուր է եւ դեղի նշանմակություն ունի իր համար:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել եւ պահել են շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաեւ նույն եղանակներով պատանդ են վերցրել եւ պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ըստ մեղադրական եզրակացության, հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:
2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:
Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը: