News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինձ համար ազգային եւ մարդկային պարտականություն է դպրոցի դռները բաց պահել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չեմպերճյան երկրորդական վարժարանի տնօրեն, Սիրիայի գավառական ժողովի անդամ Անդրանիկ Պողոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Կրթասիրաց մշակութային միության եւ վարժարանի հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսան Կարադանայանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց հյուրերին՝ արժեւորելով Սիրիայում հայ համայնքի պահպանությանն ուղղված նրա ազգանպաստ գործունեությունը: Նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով, դպրոցի աշակերտների թվով, առկա խնդիրներով ու դժվարություններով: Նա մասնավորապես նշեց. «Սիրիայում հայ դպրոցը պահելով՝ իսկապես հերոսություն եք անում: Համայնքը պահելը, սերունդ կրթելը շատ կարեւոր է: Հպարտ եմ, որ այսպիսի մարդիկ կան, որ ապրում են Հայրենիքը, ազգը սիրելով ու նրանց ծառայելով»:

Անդրանիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց վերջերս իրեն փոխանցված՝ ՀՀ Նախագահի կողմից շնորված Երախտագիտության մեդալի համար եւ հավելեց:

«Շնորհակալական խոսքերից ավելի ուզում եմ հավաստել, որ այդ պարգեւը խթան պիտի դառնա, որ ավելի ակտիվ աշխատանք տանենք: Կրկին ուզում եմ շեշտել, որ պետք է վերադառնամ Հալեպ՝ իմ առաքելությունը շարունակելու: Ինձ համար եւ ազգային, եւ մարդկային պարտականություն է դպրոցի դռները բաց պահել»:

Տպել
Ամենաշատ