Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 26-ին, «Սասնա ծռերի» դատական նիստն ընդմիջումից հետո սկսվելուն պես դարձյալ ընդմիջվեց:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ներգրավել է թարգմանիչ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի համար, որի բացարկի հայցը պետք է քննարկվեր նիստում:
Թարգմանչին ներկայացնելուց հետո դատավորը պաշտպաններին հարցրեց, թե արդյոք առարկություն ունեն որպեսզի նա ներգրավվի որպես թարգմանիչ: պաշտպաններից Արա Զաքարյանը ասաց, որ ասելու բան ունի, բայց դրա համար անհրաժեշտ է, որ պայուսակը ներս բերի, ինչը թույլ չէին տվել կարգարիչները, քանի որ փաստաբանը հրաժարվել էր խուզարկության ենթարկվել:
Տեւական վիճաբանությունից հետո դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց, որ Արա Զաքարյանը կարողանա պայուսակը ներս բերել:
Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Արա Զաքարյանը կարող է 10 պայուսակ ներս բերել, եթե չընդդիմանա կարգադրիչների օրինական պահանջին եւ զննության ենթարկվի:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել եւ պահել են շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաեւ նույն եղանակներով պատանդ են վերցրել եւ պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ըստ մեղադրական եզրակացության, հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:
2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:
Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը: