«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան Տաթեւ Գասպարյանի մահվան գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է:
Տաթեւ Գասպարյանի մահվան գործով դատավարությունը կմեկնարկի հուլիսի 31-ին: Գործը քննվելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Աննա Մաթեւոսյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը կեսարյան վիրահատության ենթարկված եւ հիվանդասենյակ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Տ․Գասպարյանի մահը։ Հղիությունը վարած եւ կեսարյան հատումն իրականացրած Լիանա Դաղբաշյանը նույնպես հետվիրահատական սրահ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը։
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: