News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական օրենքում ընդհանրապես հարիր չէ ստույգ դատավորների թվաքանակ սահմանելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գեւորգ Դանիելյանը, ով 2007-2010 թթ.-ին զբաղեցրել է նաեւ արդարադատության նախարարի պաշտոնը:

Անդրադառնալով տեղեկություններին, որ վերջին շրջանում շատացել են դատական գործերը, եւ դատավորներից շատերը դիմում են գրում եւ հրաժարվում են նոր գործեր վերցնելուց, Գեւորգ Դանիելյանը նշեց. «Պաշտոնական տվյալներով հավաստվում է որոշ տեսակի հանցագործությունների աճը, իսկ հանցագործությունների ընդհանուր թիվը՝ 1999 թ. համեմատությամբ աճել է շուրջ 5-6 հազարով: Այնուամենայնիվ, միայն այդ փաստարկը, իմ կարծիքով, չի կարող ամբողջովին կանխորոշել դատարանների ծանրաբեռնվածությունը: Ոչ միայն քրեական, այլեւ քաղաքացիական եւ վարչական գործերով դատարանների ծանրաբեռնվածությունը համարժեք հաշվարկելու հստակ մեթոդաբանություն ու չափանիշներ են անհրաժեշտ: Երբ այս հարցով ինձ հետ զրուցում էին վերջերս ՀՀ դատական օրենսգրքի նախագծի առնչությամբ Երեւան այցելած Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, անգամ այն եզրակացությանը հանգեցինք, որ սահմանադրական օրենքում ընդհանրապես հարիր չէ ստույգ դատավորների թվաքանակ սահմանելը, առնվազն կարելի է նվազագույն քանակը սահմանել, իսկ առավելագույնը կորոշեր Բարձրագույն դատական խորհուրդը՝ օրենքով սահմանված չափանիշներից ելնելով, քանի որ համեմատաբար ճկուն ցուցիչ է»:

Նրա խոսքով, այս տեսանկյունից, թերեւս, բացառություն կարող է արվել Վճռաբեկ դատարանի պարագայում. «Առնվազն հարիր չէ վերացական խոսել դատարանների ծանրաբեռնվածության մասին, համեմատել այդ տվյալները՝ այլ երկրների բնակչության եւ դատավորների քանակի հարաբերակցության հետ եւ այլն: Վերջին հաշվով, տարբեր երկրներում տարբեր է դատաքննության առարկան, այն միայն ընդհանուր գծերով է միանման, ուստի պարզունակ համեմատությունների փոխարեն հարկ է հստակ հաշվարկման չափանիշներ մշակել, ինչը նաեւ տեսանելի կդարձնի օրենսդրության ու պրակտիկայի շեղումները»:

Իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը, ըստ Դանիելյանի, կարելի է որակապես մեղմել, եթե կիրառման մեջ դրվեն արագացված եւ հատուկ դատաքննության ինստիտուտները, օրենսդրությամբ ներդրվեն այդպիսի լրացուցիչ այլ համալիր ինստիտուտներ, ինչպես նաեւ արտադատական վեճեր քննելու իրավասություն ունեցող կառույցներ, վերանայվի դատաքննության առարկա գործերի շրջանակը, բացառվեն դատաքննության արհեստական ձգձգումները եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ