News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանից մի խումբ երիտասարդներ մշակում են տեսախմբագիր, որի օգնությամբ կարելի է ավելացնել կադրային հաճախությունը, նաեւ գունավորել տեսահոլովակները։

Ինչպես NEWS.am -ի թղթակցին պատմել են Գոռ Մաթեւոսյանն ու Արթուր Պողոսյանը, որոնք ընկերների հետ միասին աշխատում են այդ նախագծի վրա, Lenz աշխատանքային անվանումբ վիդեոխմբագիրը շատ հասարակ է լինելու կիրառման մեջ ու չի պահանջելու վիդեոխմբագրման կամ մոնտաժի մասին որեւէ գիտելիք։ Ավելին, վիդեոխմբագիրը աշխատելու է շարժական սարքերի վրա, չնայած բացառված չէ, որ ապագայում լինի նաեւ դրա դեսքթոփ տարբերակը։

Գոռ Մաթեւոսյանը նշեց, որ ի սկզբանե ինքն ու ընկերները մտադիր էին ստեղծել հավելված, որը կավելացնի տեսահոլովակների կադրային հաճախությունը։ Երկարատեւ հետազոտություններից ու աշխատանքներից հետո նրանք կարողացել են հասնել որոշակի հաջողության ու գտել են FPS քանակը ավելացնելու միջոց, որից հետո որոշել են, որ դրա վրա կանգ չեն առնի՝ ապագա հավելվածը պետք է նաեւ այլ հնարավորություններ ունենա։

Նման հնարավորություններից մեկն է դարձել տեսանյութի գունավորումը։ Այդ հնարավորությունը փորձարկելու համար պատանիները սկսել են գունավորել հայկական «Երազողները» ֆիլմը, որը բոլորովին վերջերս են հայտնաբերել արխիվներում։

Ապագայում երիտասարդները մտադիր են հավելվածի մեջ հավելել նաեւ այլ հնարավորություններ՝ այսպես այն կկարողանա ավելացնել վիդեոյի չափսերը/ թողունակությունը (օրինակ 720p –ից մինչեւ 1080p), նաեւ կհավելվեն զտիչներ, որոնց օգնությամբ տեսահոլովակը, որը ցերեկն է նկարահանվել, հնարավոր կլինի դարձնել գիշերային, իսկ ամառային տեսահոլովակը՝ ձմեռային։

Առայժմ այս նախագիծը մշակման փուլում է գտնվում ու որպեսզի պատանինեը կարողանան իրականացնել իրենց բոլոր մտահղացումները, նրանց ֆինանսավորում է պետք, հզոր համակարգիչներ ու սերվերներ գնելու համար։ Բացի դրանից նրանք կկարողանան ավելի արագ ավարտել նախագիծն ու այն շուկա հանել, եթե դրան նվիրեն իրենց ամբողջ ժամանակը՝ իսկ առայժմ Գրիշա Թադեւոսյանը, Արման Մալխասյանը, Դավիթ Համբարձումյանը, Գոռ Մաթեւոսյանը ու Արթուր Պողոսյանը նախագծին նվիրում են միայն հիմնական աշխատանքից ազատ ժամանակը։

Նախնական ծրագրով, հավելվածն ու դրա ֆունկցիաների մեծ մասը անվճար են լինելու օգտատերերի համար, բայց այն ֆունկցիաները, որոնք աշխատելու են սերվերների միջոցվով, կարող են լինել նաեւ մասամբ վճարովի։

Lenz-ի հեղինակները գնացել էին  Sevan StartUp Summit 2017-ին ներդրումների ակնկալիքով, որոնք կօգնեն արագացնել նախագծի զարգացումը, նաեւ գտնել հետաքրքիր ու օգտակար ծանոթություններ։ Նաեւ պատանիները ծրագրում են մասնակցել Seed-stage battle-ին, որը անցնելու է գագաթնաժողովի շրջանակում։

Հիշեցնենք, որ Sevan StartUp Summit ամենամյա ֆորումը, որը կազմակերպել է StartUp Armenia հիմնադրամը անցնում է Սեւանա լճի ափին հուլիսի 24-ից 31-ը։ Ֆորումն ունի ավելի քան 1000 մասնակիցներ, այդ թվում 100 ստարտափեր ու մշակողների, ներդրողների, վենչուրային ընկերությունների ու մենթորների թիմեր՝ ավելի քան 10 երկրներից։

 7 օրվա ընթացքում միջոցառման բոլոր մասնակիցները, այդ թվում մենթորները ու ներդրողները, կիսելու են կենցաղը, շփվելու են, մասնակցելու են տարբեր մրցույթների ու միջոցառումների։ Արդյունքում ստեղծվելու են նոր թիմեր, շատ նախագծեր կկարողանան ներդրողներ գտնել ու դուրս գալ շուկա մոտ ապագայում։ Կկազմակերպվեն նաեւ մրցույթներ, որոնք նախատեսում են ավելի քան 20 գումարային ու այլ տեսակի մրցանակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ